«Ադրբեջանական» գորգեր` քրիստոնեական խաչերով. մեր հարևանները կրկին շփոթել են հասցեն

Ադրբեջանական մամուլի համար Հայաստանին կեղծիքների մեջ մեղադրելը սուրբ գործ է։ Սակայն խճճվելով սեփական ստի հանգույցի մեջ, որով հարևանները հավանաբար փորձում են ծածկել կրթության և գիտելիքների պակասը, հասնում են միայն մի բանի` սեփական վարկաբեկման։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Մի քանի ամիս առաջ ադրբեջանական մամուլում հերթական անգամ Հայաստանին նվիրված հոդված էր հայտնվել, որում կրկին մեղադրում էին կեղծարարության մեջ, այս անգամ` գորգերի և ասեղնագործության։

«Սարի աղջիկ» կամ «Սարը գելին». փնտրիր ակունքներում

«Բաքվում առաջին անգամ ցուցադրեցին հայկական կեղծարարություններից փրկված ասեղնագործությունները» խորագրով ամպագոռգոռ հարցազրույցի թեման այն էր, որ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանում առաջին անգամ բացվել էր «Մետաքսե գանձարան. XVI-XVIII դարի ադրբեջանական զարդանախշերը» ցուցահանդեսը։

Հոդվածին կից ներկայացված էին լուսանկարներ` գորգերի և ասեղնագործ իրերի պատկերներով, որոնց ծագումն ամենևին էլ միանշանակ չէ…

Պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է

«Բռնի՛ր գողին» ամենից բարձր բղավում է հենց գողը։ Այս դեպքում հենց նման կերպ կարելի է մեկնաբանել ադրբեջանական մամուլի դիրքորոշումը։ Բանն այն է, որ նյութում, որի վերնագիրը Հայաստանին մեղադրում է կեղծարարության մեջ, գորգերի և ասեղնագործ իրերի լուսանկարներ են ներկայացված։

Sputnik Արմենիան դիմել է արվեստի, հին իրերի ոլորտում միջազգային փորձագետ, արտ դիլեր և Փարիզում Galerie Berdj Achdjian տնօրեն Բերջ Աչջյանի օգնությանը։ Նա ուսումնասիրել է դրանցից առաջինը, որը մակագրված էր այսպես. «XIX դարի Շահսևան ցեղի բացառիկ գորգ. մասնավոր հավաքածու»։

Փորձագետը հայտնեց, որ ներկայացված գորգը չի պատկանում այդ ցեղին, ինչպես նշված է ադրբեջանական հոդվածում, և բացառիկ չէ։ (Վերլուծությունը փորձագետը ներկայացրել է նաև Facebook-ի իր էջում

Իր վարկածն ապացուցելու համար Աչջյանը համեմատեց 1985 թվականի ամենահայտնի ցուցահանդեսային Eberhardt Hermann կատալոգում տպագրված նմանատիպ նմուշի հետ (նույն դիզայնով)։

Ковер каталога Eberhardt Hermann

«Երկուսն էլ նույնատիպ գորգեր են։ Դրանք քրիստոնեական են, աշխարհագրորեն` Հայկական լեռնաշխարհից։ Այսինքն ադրբեջանական մամուլում ցուցադրվածը նույն ծագումն ունի, ինչ կատալոգի նմուշը, որի վրա հստակ երևում են քրիստոնեական վեց խաչերը», — ասաց նա։

Փորձագետը նշեց, որ հոդվածում ներկայացված գորգի հիմնական մոտիվը նույնպես խաչն է։ Նման խաչերը քրիստոնեական Բյուզանդիայի մշակույթի կենտրոնական մոտիվներից են։

Крест христианской Византии

Միևնույն ժամանակ դրանց վրա պատկերված է «հավերժության անիվը» (հավերժության նշան)։

Колесо вечности

«Հավերժության անիվը» հին խորհրդանիշ է, որը հանդիպում է վաղ նախաքրիստոնեական քաղաքակրթություններում։ Պատկերը, որը թվագրվում է II հազարամյակով, կարելի է գտնել Շենգավիթ հին բնակավայրին պատկանող ոսկե տախտակի վրա։ Այն անվանում են նաև «Արեգակի պատկեր» կամ Արևախաչ, մինչ օրս համարվում է հայկական մշակույթի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը… Հայկական գորգագործության մեջ այս նախշը հաճախ է օգտագործվում», — գրում է Աչջյանը։

Փորձագետը եզրակացնում է, որ հոդվածում ցուցադրված գորգն, անկասկած, քրիստոնեական նմուշ է։

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մամուլում ներկայացված գորգի մոտիվները քրիստոնեական պատկերագրությանն են պատկանում։ HERMANN կատալոգում ներկայացված նմուշը նույն մոտիվներն ունի, բացի այդ, նաև խաչեր կան, ինչն ապացուցում է դրանց քրիստոնեական, ոչ թե մուսուլմանական ծագումը։ Հենց այդ պատճառով մենք կարող ենք պնդել, որ կեղծարարությամբ զբաղվում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը», — ասաց Աչջյանը։

Ինչ վերաբերում է շահսևանների գորգերին, նա ընդգծեց, որ դրանց անվանումը սերում է քրդական և թյուրքական ծագում ունեցող ցեղատոհմից, որը հիմնականում բնակվել է Իրանի տարածքում։ Հաշվի առնելով այն, որ այդ ցեղը մուսուլմանական է, բացառվում է, որ նրանք քրիստոնեական խորհրդանիշներ ու մոտիվներ պատկերեին։ «Ավելին, շահսևանների ժառանգությունը սերտորեն կապված է բացառապես Իրանի պատմության հետ, ոչ թե Ադրբեջանի»,- ասաց Աչջյանը։

Սխալ սխալի հետևից

Հոդվածի վերնագրիրը հուշում է, որ ընթերցող պետք է իմանա այն ցուցանմուշների պատմությունը, որոնք, ըստ էության, մինչև որոշակի պահն անարդարացիորեն հայկական են համարվել, բայց տեքստում այդ մասին տող անգամ չկա։ Մի փոքր հատված մեջբերենք (հարց ու պատասխանի տեսքով) մշակույթի և զբոսաշրջության նախարարության անկախ փորձագետ Ասլի Սամեդովայի հարցազրույցից։

Արցախյան գորգագործության մշակույթը նոր նրբերանգներ է ստանում

«- Վերջին շրջանում հաճախակի են դարձել կեղծարարության դեպքերը, քանի որ հաճախ արտասահմանյան աճուրդներում ադրբեջանական գորգերը, ձեռագործ աշխատանքները և մի շարք այլ իրեր որպես հայկական են ներկայացվում։ Ինչպե՞ս եք պայքարում նման դեպքերի դեմ։ Եվ արդյո՞ք հաջողվում է ապացուցել, որ դրանք ադրբեջանական են։

— Ցավոք, վերջին ժամանակաշրջանում որոշ աճուրդներում վաղ ադրբեջանական ասեղնագործ աշխատանքները ներկայացվում են որպես «արցախյան» աշխատանքներ։ Պատճառն այն է, որ հրավիրված փորձագետների թվում հաճախ հայ դիլերներ և կոլեկցիոներներ են լինում։ Նրանք վաղուց են Արևմուտքում զբաղվում հին գորգերի վաճառքով և մեծ ազդեցություն ունեն։ Սակայն հաճախ, երբ դեռ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն արձագանքել այդ անհեթեթ յուրացումներին, արևմտյան փորձագետներն են վիճում ու պահանջում ճշգրիտ ներկայացնել ատրիբուցիան։ Հենց նման փորձերը կանխելու նպատակով էլ առաջարկվեց ցուցահանդես կազմակերպել և զբաղվել միջազգային հրապարակումներով»։

Ինչպես տեսնում ենք, «հայկական կեղծարարություններից փրկված» ցուցահանդեսի կոնկրետ ցուցանմուշների մասին այստեղ նույնիսկ խոսք չկա։

Ավելին, զրուցավարը, մեղադրելով հայերին կեղծարարության մեջ, տարօրինակ արտահայտություն է հնչեցնում. «Մեր նպատակը վաղ ադրբեջանական ասեղնագործությունների հանրահռչակումն է, որոնք այդքան գնահատվում են Արևմուտքում` իրենց պատմական հայրենիքում»։

Ի՞նչ է ստացվում, որ ադրբեջանական ասեղնագործ իրերի պատմական հայրենիքն Արևմուտքն է, թե՞ որ Արևմուտքը ադրբեջանցիների պատմական հայրենիքն է։ Մի խոսքով, մնում է միայն թոթվել ուսերը…

Ճիշտ հակառակը

Այժմ անդրադառնանք «ադրբեջանական գորգերը, ձեռագործ իրերը և մի շարք այլ բաներ հայկական են ներկայացվում» արտահայտությանը։ Միջազգային փորձագետ Բերջ Աչջյանը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Հայկական գորգի խորհրդանիշների գաղտնիքը

«Քանի՞ հայի գիտեք, որ մի ամբողջ կարողություն կտա գորգի համար», — հարցնում է նա։

Մինչդեռ բազում օրինակներ կան, երբ արևմտյան փորձագետներ հայկական գորգերը դիտմամբ մուսուլմանական են ներկայացնում, քանի որ հենց իսլամական մշակույթի կրողներն են պատրաստ դրանց համար ահռելի գումարներ վճարել։

Հայկական գորգերը երկու կարևոր առանձնահատկություն ունեն` ներկերը բնական են, գորգերը հյուսվում են կրկնակի հանգույցով, ինչն էլ առանձնակի ամրություն է հաղորդում։ Հայկական գորգերը միշտ բարձր են գնահատվել և այսօր էլ պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում, այդ թվում Վիկտորյայի և Ալբերտի լոնդոնյան թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում, տեքստիլի լոնդոնյան թանգարանում, իսկ ամենահին հայկական գորգը (մ.թ.ա. 5 դար) ցուցադրվում է Պետերբուրգի «Էրմիտաժում»։