ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ադրբեջանցիները պետք է իրենց նախահայրենիքը փնտրեն Միջին Ասիայում ու Ալթայում, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ելույթը։
Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտնել է, որ «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։
«Ալիևի ասածը հերթական ցինիկ հայտարարություն է։ ХXI դարում այդպիսի հայտարարությունները ոչ միայն անընդունելի են, այլ նաև հիմարության պես են հնչում։ Այդպիսի հայտարարություններ անելով` երկրի ղեկավարությունն ապացուցում է, որ Ադրբեջանը նացիստական երկիր է», —ասաց Շարմազանովը։
Խորհրդարանի փոխխոսնակը նշեց` Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել։ Պատմական «Ադրբեջանը» Արաքսից հարավ ընկած իրանական գավառ է եղել։
«Այսօրվա կովկասյան թուրքերը այդ գավառի հետ կապ չունեին։ Թյուրքական ցեղերի նախահայրենիքը Միջին Ասիան ու Ալթայն են։ Դեռևս Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն։ Իսկ Իլհամ Ալիևի հայրը` Հեյդարը, բազմիցս նշել է` «մեկ ազգ, երկու պետություն»», — ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` ծիծաղելի է Ադրբեջանի պատմական հավակնություններից խոսել, բավական է կարդալ հին հռոմեական ու հին հունական աղբյուրները, որտեղ նշված է` որտեղ է գտնվել պատմական Հայաստանը։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա, նրա խոսքով, հիմնահարցը լուծելու գործում առանցքային է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
«Ադրբեջանն ու Թուրքիան ուզեն, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն գոյություն ունի, իսկ դե յուրե ճանաչումն արդեն ժամանակի հարց է», — ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդից խլել անկախ երկրում ապրելու իրավունքը։
«Արցախի անկախությունն այլընտրանք չունի, և դա որոշել են հենց արցախցիները», — ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ներկայիս իշխանությունն իր կառավարման օրոք գրեթե ամբողջովին վերացրել է ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը։
Նա նշեց` քանի որ Ադրբեջանի ժողովուրդն ընտրության իրավունք չունի, իշխանությունները հասարակությունը համախմբելու համար թշնամու կերպար են օգտագործում` ի դեմս հայերի։
Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։