ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Մարմնավաճառներին հաշվառելու մասին փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը`փաստելով, որ մարզում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ, որոնք հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:
«Նշված քրեական գործերը բոլորն ուղարկվել են դատարան, որոնցից մի մասով արդեն ունենք մեղադրական դատավճիռներ, մյուս մասը գտնվում է դատաքննության փուլում: Իրականում պարզվել է, որ նույն մարմնավաճառներն իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում: Իմ կողմից միջնորդագիր է հասցեագրվել պատկան մարմիններին՝ նման մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ու տվյալ հաստատությունների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ»,-նշեց դատախազը`ներկայացնելով այն փաստը, ըստ որի գործող քրեական օրենսգիրքը, ինչպես նաև պրակտիկան թույլ չի տալիս մարմնավաճառին ենթարկել քրեական պատասխանատվության:
«Ես անձամբ զեկուցագիր եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի նաև մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ նրանց դիտելով որպես համապատասխան հանցագործություն կատարելու գործում դրդիչ, այսինքն` նյութապես շահագրգռելու միջոցով անձանց դրդում են պոռնկության: Այս դեպքում, կարծում եմ, կանխարգելիչ արդյունք կունենանք» —հավելեց դատախազը՝ բնական համարելով այն, որ պատժի չենթարկվելով նման անձիք շարունակում են իրենց գործունեությունը:
Մարզի դատախազը նաև անհանգստացած է հատկապես որոշ գիշերային ակումբների մոտ կատարված հանցագործությունների փաստով. դրանք հիմնականում գործունեություն են ծավալում 24։00-ից հետո: Այդ ժամերին նման օբյեկտների գործունեությունը կասեցնելու նպատակով Կարեն Գաբրիելյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետին։