ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Աշխարհի առաջնության գավաթը Հայաստանի մայրաքաղաք է եկել «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող, Ֆրանսիայի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբեի ուղեկցությամբ։
«Քսան տարի առաջ այս գավաթը բարձրացրել եմ 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Այդ թիմում երկու հայ կար` Ալեն Պողոսյանն ու Յուրի Ջորկաեֆը։ Ուրախ եմ, որ հենց ես եմ ձեզ ցույց տալու այս հայտնի, հեղինակավոր Գավաթը», – լրագրողներիս ասաց Կարամբեն։
Նրա խոսքով` շատ երեխաներն են երազում տեսնել այն, հիմա հայ երեխաներն էլ այդպիսի հնարավորություն ունեն։
Նա հույս հայտնեց, որ Գավաթի շրջագայությունը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, կնպաստի ֆուտբոլի զարգացմանը։
Կարամբեն նշեց, որ այս տարվա առաջնությունում հաղթելու շանսեր ունեն Ֆրանսիան, Արգենտինան, Գերմանիան, Բրազիլիան ու Իսպանիան։
Մամուլի ասուլիսից հետո Գավաթը ցուցադրեցին Օպերայի շենքի դիմացը հավաքված հանդիսատեսին։
1999 թվականին Աշխարհի գավաթն արդեն եղել է Հայաստանում, սակայն այն ներկայիս գավաթի կրկնօրինակն էր ու հանձնվել է Ֆրանսիային աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո։
2006 թվականից սկսած ՖԻՖԱ–ն Coca-Cola հետ աշխարհի ամեն առաջնությունից առաջ ամենահայտնի գավաթի համաշխարհային շրջագայությունն է կազմակերպում։ Այս տարի այն կներկայացնեն 50 երկրում, 91 քաղաքներում։ 24 պետությունում, այդ թվում նաև Հայաստանում, շրջագայությունն առաջին անգամ է տեղի ունենում։
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Երևան է բերվել փետրվարի 7–ին, Ռուսաստանում կայանալիք համաշխարհային առաջնությանն ընդառաջ անցկացվող շրջագայության շրջանակում։
Գավաթը մոտ 6 կիլոգրամ է, դրան դիպչելու իրավունքն ունեն միայն Աշխարհի առաջնության հաղթողներն ու երկրների նախագահները։
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ: