ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սիրիական Աֆրինում քրդերի դեմ թուրքական բանակի գործողությունները եվրոպական երկրների առաջնորդներին` մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ստիպում են Անկարայի հավակնությունները զսպելու քայլեր ձեռնարկել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Հնարավոր է` հենց այդ գործոնով է պայմանավորված Մակրոնի` վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անհրաժեշտ է ներառել Ֆրանսիայի ազգային օրացույցում, ինչպես նաև վերսկսել խորհրդարանում ցեղասպանությունը ժխտելու քրեականացման մասին օրինագծի քննարկումը», – ասաց Մանասյանը։
Հիշեցնենք, որ տվյալ հայտարարությունը պաշտոնական Անկարայի բուռն քննադատություններին արժանացավ։
Քաղաքագետի կարծիքով` պատմական փորձը ցույց է տալիս` երբ Թուրքիան որևէ մեկի տարածք է ներխուժում, այնտեղ էլ մնում է։ Այդպես եղավ, մասնավորապես, Հյուսիսային Կիպրոսի դեպքում։
«Եվրոպայում հասկանում են, որ թուրքերը կարող են երկար մնալ Սիրիայում։ Դրանից ելնելով` կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում։ Հաշվի առնելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անկարայի չափազանց ցավագին վերաբերմունքը, այդ թեման լավ հաղթաթուղթ է պաշտոնական Փարիզի համար», – նշեց Մանասյանը։
Փորձագետը հորդորեց, որպեսզի հայկական կողմը Ֆրանսիայի նման ուղերձներին առանց ավելորդ հույզերի վերաբերվի` գիտակցելով, որ Փարիզը հաճախ կարող է իր շահերից դրդված գործել։ Մանավանդ, որ դեռ անհայտ է` որքանով Ֆրանսիան այդ հարցում հետևողական կլինի։
«Չի բացառվում, որ երկրի Սահմանադրական դատարանն այս անգամ էլ Մակրոնի նախաձեռնությունը հակասահմանադրական հայտարարի։ Այդպես եղավ 2012 թվականի հունվարին», – հիշեցրեց քաղաքագետը։
Միաժամանակ Մանասյանը նշեց` եթե Փարիզը հետևողական քաղաքականություն վարի Թուրքիային զսպելու հարցում, ապա կարող է լավ արդյունքների հասնել։
«Ֆրանսիան փորձում է ցույց տալ, որ Թուրքիան ցեղասպանածին պետություն է։ Դա սպառնում է Անկարայի հեղինակությանը և կարող միջազգային ասպարեզում նպաստել նրա մեկուսացմանը` ցանկացած տնտեսական պատժամիջոցներից ավելի մեծ վնաս հասցնելով», – կարծում է փորձագետը։
2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը ցեղասպանությունների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրագործված Հայոց ցեղասպանության) ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունեց։ Նախագծով 45 հազար եվրո տուգանք և առնվազն մեկ տարվա ազատազրկում էր սահմանված։ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը 2012 թվականի հունվարի 23–ին 127 «կողմ» և 86 «դեմ» ձայնով ընդունեց բանաձևը։ Դրանից հետո նախագծի դեմ հայց ներկայացվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ, ինչի արդյունքում օրինագիծը հակասահմանադրական ճանաչվեց։