Ջուր գողանալը կբարդանա. Հայաստանում ջրագողերի դեմ կպայքարեն անօդաչու թռչող սարքերով

Պաշտպանության նախարարության անօդաչու թռչող սարքերը կօգնեն հայտնաբերել ու օրինական դաշտ բերել հայաստանցի ջրագողերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Փետրվար — Sputnik. Առաջիկա գարնանը Ջրային տնտեսության պետական կոմիտեն Պաշտպանության նախարարության անօդաչու թռչող սարքերով նկարահանումներ կիրականացնի Հայաստանի գյուղատնտեսական տարածքներում։ Նպատակն է ապօրինի ոռոգվող հողատարածքների հայտնաբերումն ու անօրինական ջրօգտագործողներին օրինական դաշտ բերելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով` անօդաչու սարքերի միջոցով կատարված լուսանկարներով իրականացվելու է Հայաստանի ոռոգվող տարածքների քարտեզագրում։

«Սպասում ենք` գարունը բացվի, որպեսզի կանաչ լինի և ֆիքսվի` որտեղ է մշակվող հողատարածությունը, և մարդիկ գնան, տեղում գույքագրեն ու, եթե հարկ լինի, բերեն օրինական դաշտ»,- ասաց կոմիտեի նախագահը։

Հաջորդ քայլով այս տարի բոլոր գլխավոր ու երկրորդական ջրանցքների վրա նախատեսվում է ջրաչափեր տեղադրել, որոնց ցուցմունքներն առցանց համակարգով հաղորդվելու են լիազոր մարմնին։

«Մենք մոնիտորով կկարողանանք վերահսկել, թե որ պահին որ ջրանցքով որքան ջուր է հոսում»,- ասաց Արսեն Հարությունյանը։

Հայաստանում ոմանք ստիպված են լինելու կոյուղի «մտնել»

Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն Եվրասիական զարգացման բանկից 50 մլն եվրոյի վարկ է ստանալու։

Իսկ մինչ այդ` 2017թ-ին, առանց անօդաչու սարքերի ու էլեկտրոնային ջրաչափերի` կոմիտեի աշխատակիցները բացահայտել ու օրինական դաշտ են վերադարձրել 8930 հա ապօրինի ոռոգվող հողատարածքներ։ Արդյունքում, Արսեն Հարությունյանի որակմամբ, կոմիտեն անցած տարի «ռեկորդային ծավալի ոռոգման վարձավճարներ է հավաքագրել»։ 2017թ-ին հավաքագրվել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը 380 մլն դրամով գերազանցել է 2016թ-ին հավաքագրված գումարի չափը։

Բայց եթե մի մարզում հողօգտագործողները ստիպված են լինում ջուր գողանալ, մեկ այլ մարզում ոռոգման ջուրն անիմաստ հոսում է և չի ծառայում նպատակին։

«Մենք միայն Արարատյան դաշտում ունենք շուրջ 25 000 հա հողատարածք, որտեղ ջուր կա, բայց գյուղացիները չեն օգտագործում»,- ասաց Հարությունյանը։

Նախնական գույքագրումը ցույց է տվել, որ Հայաստանում ներկա պահին կա 26 100 հա ոռոգվող և 24 000 հա չոռոգվող հողատարածություն։ Եվս 10 000 հա-ով նախատեսվում է ավելացնել ոռոգվող տարածքները` ոռոգման ցանցի արդիականացման և 4000 հա-ով` Վեդու ջրամբարի շինարարության ծրագրերով։

Առաջինի ավարտը նախատեսվում է 2019, երկրորդինը` 2020թ-ին։