ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ներքնակների խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ի՝ ժամը 19:30-ից դեկտեմբերի 28-ը՝ ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքում գործող ներքնակների մասնագիտացված խանութի մուտքի դռան ապակին, մուտք գործել, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են ներքնակների խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ, կոտրելով ապակին, մուտք գործում խանութ, շրջում սրահում, ապա՝ հեռանում:
«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն դեպքի մասին, ճանաչում են տեսանյութում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության մասին, հայտնեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին», — նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։