Մինչև առուն ջուր գա, ո՞ւմ աչքը դուրս կգա. պաշտոնյան չի կորցնում երաշտից խուսափելու հույսը

Հայաստանյան ջրամբարները ¾–ով դատարկ են, հողը չոր է ու պապակ։ Կառավարությունը հույսը դրել է գարնանային անձրևների վրա։ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն այսօրվա եղանակը «խոստումնալից» չի համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանյան ջրամբարներն այս պահի դրությամբ լցված են 24%-ով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ չոր ու տաք ձմռանը կհաջորդի անձրևաշատ գարունը, ինչը ջրամբարներում անհրաժեշտ քանակով ջուր ապահովելու հնարավորություն կտա ։

«Հիդրոմետը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու բավականին անձրևաշատ են լինելու, և այդ անձրևների շնորհիվ գոնե հնարավոր կլինի մեղմացնել իրավիճակը»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` անձրևը ջրամբարները չի լցնի, բայց գոնե կխոնավացնի հողը։

Հարությունյանը նաև նշեց, որ լեռներում առկա ձյունը ևս չափազանց քիչ է հողը հագեցնելու համար։ Օրեր առաջ Շիրակի մարզում տեղացած ձյան 10-15 սմ-անոց ծածկույթը, նրա խոսքով, արդեն գրեթե անհետացել է, քանի որ հողն անցած տարվա ընթացքում այնքան է չորացել, որ կլանում է ամբողջ խոնավությունը։ Հալված ձյունը շատ արագ գոլորշիանում է նաև անոմալ ջերմ եղանակի պատճառով։

Վերջին 170 տարվա աննախադեպ տաք փետրվարը սպառնում է գյուղատնտեսությանը

Հարցին, թե արդյո՞ք այս տարի ևս կառավարությունը ստիպված է լինելու հավելյալ ջուր վերցնել Սևանա լճից, կոմիտեի նախագահն այսպես պատասխանեց. «Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ։ Եթե այս սցենարով շարունակվի եղանակը, Սևանից ջրի բացթողումն անխուսափելի կլինի»։

Հայաստանի ջրային պաշարները պահպանելու և դրանց կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել է 1 տասնյակից ավելի նոր ջրամբարների կառուցում։ Դրանցից մեկը` Վեդիի ջրամբարն արդեն կառուցվում է, և, Արսեն Հարությունյանի խոսքով, շինարարության տեմպերը նախատեսվածից կես տարով առաջ են անցել։ Այս տեմպերով նոր ջրամբարը հայտարարված 2021թ-ի մայիսի փոխարեն շահագործման կհանձնվի 2020թ-ի վերջին։

Նախատեսված մյուս 11 ջրամբարները կկառուցվեն մրցութային կարգով։ Մասնավոր ներդրողներին շահագրգռելու համար նախատեսվում է թույլ տալ ջրամբարի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցել, դրանցում ձկնաբուծություն կազմակերպել և զբոսաշրջություն զարգացնել։

«11 նոր ջրամբարից 4-ը լինելու են Վայոց ձորի, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի, մնացած 5-ը` Արմավիրի մարզերում»,- հայտնեց կոմիտեի ղեկավարը։

2018թ-ին ջրային տնտեսության պետական կոմիտեն ակնկալում է շուրջ 23 մլրդ դրամի ներդրում։