Ադրբեջանը չի կարող բենզինով ողողել Շվեյցարիան` դեմ գնալով Հայաստանին

Շվեյցարիայում գործում է ադրբեջանական SOCAR լցակայանների ցանցը, բայց դա չի ազդում շվեյցարական քաղաքականության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Շվեյցարիան զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ` ելնելով սեփական ժողովրդի շահերից։ Այդ մասին Երևանում հայտարարեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահ Դոմինիկ դը Բյումանը Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի ելույթը բուռն ծափերի արժանացավ Հայաստանում

2012թ-ից Շվեյցարիայում գործում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) լցակայանների ցանց։ Այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք բիզնեսի շահերն ազդել Շվեյցարիայի արտաքին քաղաքականության վրա, դը Բյումանը պատասխանեց. «Շվեյցարիան կառուցում է իր տնտեսական և քաղաքական կապերը` ելնելով իր երկրի ու գործընկերների համատեղ շահերից»։

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը (բժշկական գիտությունների դոկտոր, մի քանի տարի վերապատրաստում է անցել Շվեյցարիայում և տիրապետում է ֆրանսերենի) իր հերթին նշեց` ով շվեյցարացիներին կասկածում է արծաթասիրության մեջ, լավ չի ճանաչում նրանց։

«Չցանկանալով որևէ մեկին նեղացնել` կասեմ` շվեյցարացիներն ավելի անկեղծ են, քան մարդիկ կարող են պատկերացնել», — հայտարարեց Բաբլոյանը։

Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև տնտեսական հարաբերությունները ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Դրանք չեն ազդում քաղաքականության վրա։ Լավագույն ապացույցը 2016թ-ին ԵԽԽՎ-ում անցկացված քվեարկությունն է` Արցախում «բռնության» մասին Ուոլտերի զեկույցի վերաբերյալ։

Շվեյցարիայի վեց պատգամավորներից հինգը դեմ են քվեարկել։ Միակ ձեռնպահ մնացած մարդը եղել է Շվեյցարիա-Ադրբեջան խորհրդարանական խմբի նախագահը. նա այլ կերպ չէր կարող քվեարկել` ելնելով էթիկայից։

«Այսինքն շվեյցարացիները քվեարկել են խաղաղության և ժողովրդավարության համար», — ասաց Բաբլոյանը։

Շվեյցարիայի պատվիրակության կազմը բավական խոսուն է. Հայաստան են ժամանել խոսնակը, երկու փոխխոսնակները և տասը պատգամավոր։ Այստեղ նրանք անցկացրել են հինգ օր` երկու անգամ ավելի շատ, քան սովորաբար մնում են պաշտոնական պատվիրակությունները։