ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռներ մատակարարելու լուրերը վաղուց են շրջանառվում, այն ժամանակից, երբ Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ ստացավ։ Սակայն բելառուսա-ադրբեջանական գործարքը հաստատող փաստեր այդպես էլ չկան։
Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ձեռք բերելը բավականին տրամաբանական կլիներ` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հռետորությունն ու սպառազինության ակտիվ համալրումը։
«Ադրբեջանն այս տարիների ընթացքում ռուսական և ուկրաինական «Սմերչեր» էր գնում, Բաքուն ստացել էր թուրքական Kasirga համակարգերը, որոնք, ինչպես հայտնի է, չինական WS-1B ՀԿՌՀ-ի ձևափոխված տարբերակն է։ Չինական համակարգերի, այս անգամ արդեն A200-ի ևս մեկ «կլոն» են «Պոլոնեզները»», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց Ներսիսյանը։
Մյուս կողմից` Ադրբեջանի ռազմական բյուջեն զգալիորեն կրճատվել է, և շատ հավանական է, որ ոչ մի գործարք էլ նախատեսված չի եղել։
Ադրբեջանական տնտեսության ռեցեսիան, որը պայմանավորված է նավթի ցածր գներով, լրջորեն կրճատել է Բաքվի ֆինանսական հնարավորությունները, ինչն անդրադարձել է նաև ռազմական ծախսերի վրա։ 2018 թվականին պաշտպանության և անվտանգության վրա Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար է ծախսելու։ Դա զգալիորեն գերազանցում է Հայաստանի նմանատիպ ծախսերը (512 մլն դոլար), սակայն երեք տարվա վաղեմություն ունեցող իրավիճակի համեմատ, ավելի քիչ է։ Ավելին` այդ գումարի կեսը կծախսվի ներքին զորքերը, ազգային անվտանգությունը պահելու համար… Պաշտպանության համար շուրջ 800 մլն դոլար կծախսվի։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ Ադրբեջանը պարզապես գումար չունի «Պոլոնեզներ» գնելոււ համար։ Ներսիսյանը հակված չէ այն տեսակետին, թե գործարքը խափանվել է Հայաստանի պատճառով, որը Մինսկի հետ նույն ռազմաքաղաքական միության մեջ լինելով` իբր բողոքել է զենքի մատակարարման համար։ Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարություն էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը։ Նրա հայտարարությունը հաստատել էին նաև Sputnik Արմենիայի աղբյուրները ։
«Եթե վերլուծենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ Բելառուսն անցյալում այդքան էլ չի սահմանափակել իրեն Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցում և Հայաստանի դիրքորոշման հետ առանձնապես հաշվի չի նստել։ Նույնը որոշակի վերապահումներով վերաբերում է Ռուսաստանին։ Թեև հեռահարության իմաստով «Պոլոնեզը» գերազանցում է նույն «Սմերչերին», սակայն պատկանում է այն նույն զենքի դասին, որը Ռուսաստանը, Հայաստանի դաշնակից ներկայանալով, մատակարարել է Ադրբեջանին»,- ասաց Ներսիսյանը
Այլ տեսակետ ունի բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը։ Նրա խոսքով` թեև Մինսկն ու Բաքուն բավական սերտ ռազմատեխնիկական համագործակցություն են զարգացնում, այնուհանդերձ դա չի վերաբերում սպառազինության այն տեսակներին, որոնցից է «Պոլոնեզը»։ Ամենայն հավանականության Ադրբեջանն իրոք հետաքրքրվել է այդ սպառազինությամբ, բայց Բելառուսը հաշվի է առնում դաշնակիցների դիրքորոշումը` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի։
«Նախնական բանակցություններ, ամենայն հավանականությամբ, եղել են։ Բայց փաստացի մենք տեսնում ենք, որ որևէ գործարք չի եղել։ Կրկնեմ` Մինսկը շատ զգույշ է նման հարցերում և չի ցանկանում ավելորդ անգամ սրել իրավիճակը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ձերմանտը։
Ըստ փորձագետի` «Պոլոնեզն» այն «կարմիր գիծն» էր, որը Բելառուսը չցանկացավ հատել։ Այդ համալիրների մատակարարումը լուրջ դիվանագիտական և իմիջային կորուստ կլիներ բելառուսական ղեկավարության համար։