ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն ավելի քան 6,7 մլրդ դոլար է կազմում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ ուրբաթ օրը հրապարակած տվյալներից:
Մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 832.5 մլն դոլարով կամ 12%-ով: Անցած տարի արտաքին պարտքն աճել է 689 մլն դոլարով և կազմել 5,5 մլրդ դոլար: Ներքին պարտքը` 143 մլն-ով և կազմել մոտ 1.3 մլրդ դոլար: Արտաքին պարտքի կառուցվածքում ԿԲ-ի պարտքը 601.5 մլն դոլար է, կառավարության պարտքը` մոտ 4.9 մլրդ:
Եթե բյուջեի հաշվարկային փոխարժեքով 1 դոլարը 478.45 դրամի վերածենք, ապա կառավարության պետական պարտքը (արտաքին և ներքին) 2017 թվականի արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 54%-ը:
Ինչպես ավելի վաղ նշել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ 2008 թվականի ճգնաժամից և դրան հաջորդող տևական անկումից հետո աշխարհի մի շարք երկրներ սկսեցին հրաժարվել պետական պարտքի խիստ չափորոշիչներից (Մաաստրիխտի կանոններով): Պարտքի բեռն այժմ ավելի շատ գնահատում են ոչ թե պարտքի չափով, այլ նրա կառավարելիությամբ, այսինքն՝ այն վերադարձնելու հնարավորությամբ՝ որքանո՞վ է տվյալ երկիրն ի վիճակի վերադարձնել այդ պարտքը: Դրա օրինակը պետական մեծ պարտքն է մի շարք արևմտյան երկրներում (Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Կանադայում պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 90%-ը), որտեղ դեֆոլտի մասին խոսք չի կարող լինել, քանի որ այդ պետությունները հետևողականորեն մարում են իրենց պարտքը:
Հայաստանի արտաքին պարտքը մինչև վերջերս չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի տարեկան ծավալի 60%-ը: Սակայն անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը փոփոխություն կատարեց «Բյուջետային համակարգի մասին» օրենքում, ինչի շնորհիվ նախարարությունները կկարողանան ավելի շատ պարտք վերցնել, քան նախկինում՝ ծախսերի հստակ սահմանափակման և տնտեսական աճի ծրագիր ունենալու պայմանով:
Սակայն կառավարության ընդդիմախոսները ահազանգում են, որ պետպարտքի ներկայիս հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է տնտեսության համար լուրջ ռիսկեր առաջացնել: «Հայկական տնտեսության ներկայիս կառուցվածքի պայմաններում վտանգավոր է անգամ ՀՆԱ-ի 38%-ի չափով պետական պարտքը: Մինչդեռ այսօր այն աստիճանաբար 60%-ի է հասնում: Պարտքի սպասարկումը ծանր բեռ է դարձել պետբյուջեի համար: 2020 թվականին կառավարությունը պարտքի սպասարկման համար ստիպված է լինելու բյուջեից մոտ 900 մլն դոլար հատկացնել: Դա հսկայական թիվ է», — ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետը համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՆԱ-ի կտրուկ աճը կլինի: Սակայն 2017 թվականին տնտեսական աճը կազմել է 7,7%, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը կրկնակի կրճատվելու է: