Ռուբեն Թաթուլյանը Սոչիին մարզական մեծ համալիր է նվիրել

Պատժամիջոցների քաղաքականությունը չի կարող խաթարել միջազգային սպորտային համերաշխությունը. մարդիկ հյուրընկալվում են միմյանց, միասին մարզվում, ժամանակ անցկացնում, շփվում և, ի վերջո, կապվում միմյանց: Որևէ պատժամիջոցով հնարավոր չէ խոչընդոտել դրան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Դմիտրի Պիսարենկո. Հայազգի ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Թաթուլյանն պարբերաբար հետևում է Ռուսաստանի հայ մարզիկների ելույթներին, որպեսզի նպաստի Հայաստանի ազգային թիմերի հզորացմանը: Այդ մարզիկներից մեկը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն է: Sputnik Արմենիային տված հարցազրույցում գործարարը պատմեց, թե ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ինչպես նաև ներկայացրեց Ռուսաստանում հայ մարզիկների առաջ բացվող հեռանկարները:

«Երբ աշխատում էի Սոչիի «Ժեմչուժինայում», որը ներառված էր ռուսական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիայում, մեր թիմից Հայաստանի հավաքական տեղափոխվեցին երեք ֆուտբոլիստ` Կակոսյանը, Պարցիկյանն ու Քալայջյանը: Մինչև օրս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ լավ ընկերներ ենք և սերտ համագործակցում ենք: Մշտապես տեղեկություններ ենք հավաքում տաղանդավոր հայ մարզիկների մասին, որոնք կարող են օգտակար լինել իրենց պատմական հայրենիքին», — ասում է Թաթուլյանը:

Ռուբեն Թաթուլյան. «Նախանձ ու չարակամ մարդիկ միշտ էլ եղել են»

Գործարարի խոսքով` Հայաստանի մարզիկները հաճախ են հյուրընկալվում Սոչիի Ալեքսանդր Կարելինի անվան մարտարվեստի ռուսական հավաքական թիմերի պատրաստման կենտրոնում: Այստեղ հավաքներ են անցկացնում մոտակա արտասահմանյան երկրների թիմերը: Պայմանները թույլ են տալիս 35 մարզաձևերի համար մարզիկներ պատրաստել:

«Ամեն տարի մենք ձյուդոիստների համար ճամբար ենք կազմակերպում, որտեղ 500 մարզիկ է հանգստանում: Գալիս են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Ինչպես նրանք են խոստովանում, մեր կենտրոնը լավագույններից է աշխարհում», — ասաց Թաթուլյանն` ընդգծելով, որ մարզիկները միասին մարզվում են, շփվում, ճանաչում Ռուսաստանը և կապվում այդ երկրին:

«Ես ինքս զբաղվել եմ սպորտով և գիտեմ, որ ըմբիշներն ամենալավ ընկերներն են», — նշեց բարերարը:

Նրա խոսքով` ոչ մի պատժամիջոց չի կարող թուլացնել միջազգային մարզական կապերը:

Ռուբեն Թաթուլյանը պատժամիջոցների քաղաքականությունը «խայտառակ ամենաթողություն» է անվանում, որը միտված է քարուքանդ անելու այն ամենն, ինչ ակտիվորեն զարգանում է Ռուսաստանում:

«Ինչ-որ մեկին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը ոտքի է կանգնում և այժմ ուժեղ նախագահ ունի: Ինձ վրա այդ պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնում, քանի որ իմ բիզնեսը միայն Ռուսաստանում է և այստեղ եմ հարկեր վճարում», — ասում է նա:

Սոչիում Կարելինի անվան սպորտային կենտրոնի շինարարությունն իրականացվել է Ռուբեն Թաթուլյանի մասնավոր ներդրումների և վարկային միջոցների շնորհիվ: Քաղաքն ունեցավ ոչ միայն համաշխարհային չափորոշիչներով կառուցված սեփական մարզական կառույցը, այլև մեծ թվով նոր աշխատատեղեր բացվեցին: Կենտրոնի աշխատանքն իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով: Հավաքները ֆինանսավորվում են մարզական գերատեսչությունների համար նախատեսված բյուջեից: Այստեղ նախապատրաստվում են և՛ պատանեկան ու երիտասարդական թիմեր, և՛ արհեստավարժ մարզիկներ:

Սովորական մարզադահլիճներից բացի կենտրոնում ըմբշամարտի համար նախատեսված 12 գորգ կա, 6 տատամի-տրանսֆորմեր, թենիսի կորտեր, փակ լողավազաններ, ֆուտբոլի խաղադաշտեր, մարզադահլիճներ, բաղնիք, 38 սենյակներով բժշկական վերականգնողական կենտրոն:

Միհրան Հարությունյան. «Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ»

«Կենտրոնի կառուցման գաղափարը պատահաբար ծնվեց: Մի օր մեկնեցի Դագոմիս ընկերներիս մոտ հավաքների: Այնտեղ միայն հյուրերի համար նախատեսված սենյակներն էին հարմարավետ, մնացածը սարսափ էր: Փոքր անհարմար դահլիճում թիմերը ստիպված էին 4-5 հերթափոխով պարապել: Այդ ժամանակ ես Սաշա Կարելինին հարցրի՝ ինչ կլինի, եթե մեծ մարզահամալիր կառուցեմ՝ նրա անունով: Նա համաձայնեց», — հիշում է Թաթուլյանը:

Եռակի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Կարելինի անվան կենտրոնը կառուցվել է 1,5 տարվա ընթացքում և շահագործման հանձնվել 2005 թվականին: