«Ով սիրուն, սիրուն». լեգենդար Կիկաբիձեն երգել է Երևանում. տեսանյութ

Հանրահայտ ու սիրված «Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի խաղընկերը` վրացի Բուբա (Վախթանգ) Կիկաբիձեն, հայերեն է երգել Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Վրացի հայտնի երգիչ, դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն Հայաստանի ջազ-ակումբներից մեկում կատարել է հանրահայտ «Ով սիրուն, սիրուն» երգը:

Facebook սոցցանցի իր էջում ելույթի տեսանյութը հրապարակել է Հայաստանում Վրաստանի դեսպանի կինը` Էկա Բակրաձեն:

Խորհրդային էստրադայի լեգենդներ Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն համատեղ համերգով ելույթ են ունեցել մայրաքաղաքի ակումբներից մեկում: Ներկա է եղել նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի կինը:

Վրացի արտիստները Հայաստան են այցելել ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու Ալեքսանդր Հեքիմյանին նվիրված երեկոյին:

Կոմպոզիտորի 90-ամյակին նվիրված համերգը տեղի է ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հեքիմյանի ստեղծագործություններն առաջին անգամ հնչել են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և նոր գործիքավորմամբ:

Ոստիկանության գեներալ և միաժամանակ կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը ծնվել է Բաքվում: Դեռ երեք տարին նոր լրացած տղային ու կնոջը լքել է նրա հայրը: Նրանք տեղափոխվել են Երևան, իսկ ավելի ուշ ընդունվելով ԽՍՀՄ ՆԳՆ Բարձրագույն դպրոց` ապագա կոմպոզիտորը հաստատվել է Մոսկվայում: Մորական կողմից Լենինականից է (ներկայիս Գյումրի), իսկ հայրը ծնվել է Շուշիում:

Հեքիմյանի ստեղծագործությունները երգել են Աննա Գերմանը, Լյուդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը, Վախթանգ Կիկաբիձեն, Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշենկոն, Նիկոլայ Գնատյուկը, Գեորգի Մինասյանը, Լուսինե Զաքարյանը, Սոֆյա Ռոտարուն, Նանի Բրեգվաձեն, «Սամոցվետի», «Պլամյա», «Արնիկա» համույթները։