Կարո Փայլան. «Սիրիայի քրդերը կարող են արժանանալ հայերի ճակատագրին»

Քրդերն այսօր նույն պահանջներն են առաջ քաշում, ինչ հայերը 100 տարի առաջ. նրանք ազատություն ու անկախություն են ուզում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Սիրիայի քրդերը կարող են արժանանալ Օսմանյան կայսրությունում հայերին բաժին հասած տխուր ճակատագրին, երբ նրանց կոտորեցին երիտթուրքերը: France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման մտավախություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Նա նշել է, որ քրդերն այսօր նույն պահանջներն են առաջ քաշում, ինչ հայերը 100 տարի առաջ:

«Ես` որպես հայ, մտավախություն ունեմ, որ քրդերի հետ Աֆրինում կարող է կրկնվել այն, ինչ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ», — ասաց նա:

Պատգամավորը նշել է, որ իրավիճակից ելք գտնելու համար պետք է ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի այդ փաստը: Նա համոզված է, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կկանխի ոճրագործության կրկնությունը:

Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

«Անհրաժեշտ է նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռել քրդերի խնդրին», — համոզված է խորհրդարանականը։

Նրա խոսքով` Թուրքիայում արգելված է խոսել քրդերի խնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին:

«Նախագահ Էրդողանի հասցեին հնչած չնչին քննադատությունն անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել: Քեզ կարող են մեղադրել դավաճանության մեջ», — ասել է պատգամավորը:

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի երեք հայ պատգամավորներից մեկն է, որն առաջադրվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ցուցակներով։

2017թ-ի սկզբին Կարո Փայլանը պատժվել էր «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար, նրան զրկել էին խորհրդարանի երեք նիստի մասնակցելու իրավունքից։ Ավելի ուշ առաջարկել էին նրան զրկել պատգամավորի մանդատից «ազգային ատելություն հրահրելու» համար։ Սակայն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Կարո Փայլանը պահանջել էր անցկացնել օրենքի փորձաքննություն, որի համաձայն Թուրքիայից արտաքսվել են հազարավոր հայեր։ Նա կոչ էր արել թուրք խորհրդարանականներին օգնել արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու գործին` նոր հանցագործություններից խուսափելու համար։