Գուլպաների կանադացի «արքան» Հայաստան կժամանի

Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Կանադայի կառավարության ղեկավար Ջասթին Տրյուդոն մտադիր է Երևան այցելել, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` հղում անելով Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանին:

«Երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Կանադայի վարչապետի այցը: Այս համատեքստում հույս ունենք, որ կանադական կողմը Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կկայացնի», — ասել է դեսպանը։

Հեռուստաընկերության տվյալներով` Տրյուդոյի այցը կարող է չսահմանափակվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակով։ Այն կարող է պետական այց լինել:

Ավելի վաղ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Փոքրիկ ուղերձ Էրդողանին. Մակրոնն ասել է` ինչու է Հայաստան գալիս

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը` աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների և բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ, Երևանում կանցկացվի 2018 թվականին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` գագաթնաժողովը կդառնա անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում անցկացվող ամենախոշոր միջոցառումը: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 բարձրաստիճան պատվիրակություն և 50 պետության ղեկավարներ:

Հատուկ ուշադրության է արժանի Տրյուդոյի արտաքին տեսքը. ինքնատիպ մուգ կապույտ կոստյումներն ու դասական կոշիկները կանադացին համադրում է տարատեսակ զվարճալի գուլպաների հետ: Տրյուդոն Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի հետ հանդիպման ժամանակ հագել էր գուլպաներ, որոնցից մեկի վրա պատկերված էր R2-D2 դրոիդը` «Աստղային պատերազմներ» ֆիլմից, իսկ երկրորդի վրա`C-3PO դրոիդը: Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը Տրյուդոն գնացել էր վարդագույն գուլպաներով, որոնց վրա դաշինքի տարբերանշանն էր պատկերված: Տորոնտոյում համասեռականների շքերթի ժամանակ, որը համընկել էր մահմեդական Ռամադան ամսվա վերջին օրվա հետ, Տրյուդոն գնացել էր կիսալուսնի պատկերով գուլպաներով, որոնց վրա արաբերեն գրված շնորհավորական գրություն կար: