«Ֆեյսբուքի» և «Օդնոկլասսնիկիի» միջոցով գումար գողանալու դեպքերը հաճախակի են դարձել

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է, թե մարդկանց գումարներն ինչպես են անհետանում հաշիվներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Վերջին ժամանակաշրջանում Odnoklassniki և Facebook սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

Մարտիրոսյան. «Ամենապրիմիտիվ մեթոդներով կարողանում են կոտրել մարդկանց էջերը»

«Ընտրում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերերին, ուսումնասիրում նրանց կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը: Այնուհետև կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարներն ամբողջությամբ հափշտակում են»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է, որ մարդիկ իրենց բանկային տվյալներն ուրիշներին չտրամադրեն համացանցում: