ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit), «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցում երկրները գնահատել է 0-ից 10 բալանոց համակարգով։ Հայաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում՝ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: 8-ից բարձր միավոր ստացած երկրներն են դասակարգվել որպես «լիարժեք ժողովրդավարություն ունեցողներ»:
Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ:
Հայաստանը հավաքել է 4.11 միավոր՝ նախորդ տարվա 3.88 միավորի փոխարեն: Մեր երկրին ամենաշատ միավոր բերել է ընտրական գործընթացը և բազմակարծությունը, քաղաքական մասնակցությունն և քաղաքացիական ազատությունների չափանիշները, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքը և քաղաքական մշակույթի չափանիշները:
Զեկույցում նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին:
Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատությունը բնորոշել են որպես «հիմնականում անազատ»՝ դասելով նրան 109-րդ հորիզոնականում:
2017 թվականի ընթացքում Ժողովրդավարության ինդեքսը լուրջ հետընթաց է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Հետազոտությունն անցկացվել է 165 անկախ պետությունների և երկու տարածքների վերաբերյալ:
Զեկույցի հեղինակների համաձայն՝ աշխարհում միայն 19 երկիր կա լիարժեք ժողովրդավարությամբ, և դա կազմում է հետազոտությունում ընդգրկված բոլոր պետությունների 11,4 տոկոսը: Հետազոտության հեղինակները նշում են, որ «լիարժեք ժողովրդավարության» պայմաններում ապրում է աշխարհի բնակչության 5 տոկոսից քիչը:
Երկրորդ կատեգորիայի մեջ՝ «անբավարար ժողովրդավարություն», հայտնվել է 57 երկիր, երրորդում՝ «հիբրիդային ռեժիմ»՝ 39 երկիր, չորրորդում («ավտորիտար ռեժիմ»)՝ 52 երկիր:
Ամենաժողովրդավարական երկիրը վարկանշային ցանկում շարունակում է մնալ Նորվեգիան: Այդ դիրքը նա պահպանում է 2010 թվականից ի վեր: Լիարժեք ժողովրդավարական երկրների տասնյակում են հայտնվել նաև Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան:
Զեկույցում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին՝ հայտնվելով 148-րդ տեղում, Վրաստանը դասվել է հիբրիդային ռեժիմի երկրների շարքին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: Թուրքիան հայտնվել է 100-րդ տեղում, Իրանը՝ 150-րդ տեղում, Ռուսաստանը՝ 135-րդ տեղում՝ դասվելով ավտորիտար երկրների շարքին: