Նաիրուհուն հրաժեշտ տվեցին. «լեռնային եղբայրությունը» կօգնի Էդգարին

Արա լեռան վրա ողբերգական պայմաններում մահացած ալպինիստ Նաիրուհի Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նախօրեին Հայաստանի գյուղերից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Արա լեռան վրա մահացած Նաիրուհի Սիմոնյանին հրաժեշտ են տվել հունվարի 31-ին։ Նրան հողին են հանձնել Ակոռի գյուղում` Ալավերդի քաղաքից ոչ հեռու։ Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ներգնա զբոսաշրջության հարցերի փորձագետ և ալպինիստ Աշոտ Լևոնյանը։

Նրա խոսքով` կատարվածն անսպասելի է եղել, վիշտն անհնար է փոխանցել բառերով։

«Ընտանիքը կորցրեց աղջկան, ընկերներն ու գործընկերները` լավ ընկերոջը, իսկ Հայաստանը` ակտիվ քաղաքացուն։ Արտաքուստ նուրբ աղջիկն ուժեղ և կամային բնավորություն ուներ։ Իր հիմնադրամի օգնությամբ Նաիրուհին օգնել է Արցախի երեխաներին և զինվորներին», — նշել է Լևոնյանը։

Ձյան անսպասելի հոսք

Լևոնյանը նշել է, որ հետաքննությունը կպարզի` կոնկրետ ինչ է տեղի ունեցել հունվարի 28-ին ժամը 16։00-ի սահմաններում։

«Մենք փորձում ենք ողբերգության մասին պատկերացում կազմել ականատեսների և օգնության հասած փրկարարների պատմածից։ 18-հոգանոց խումբը` փորձառու ալպինիստ, 38-ամյա Էդգար Նավասարդյանի գլխավորությամբ, բարձրացել է Արա լեռ (2577 մետր)` ի պատիվ Հայոց բանակի 26-ամյա տարեդարձի», — գրել է փորձագետը։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արա լեռան վրա. ականատեսի բացահայտումը

Լևոնյանը նշել է, որ Էդգարը միշտ ուշադիր է անվտանգության հարցում։ Եվ այդ անգամ էլ մանրամասն ցուցումներ է տվել արշավի մասնակիցներին թե՛ վերելքից առաջ, թե՛ արշավի ընթացքում, թե՛ իջնելիս։

Վերջին փուլում, երբ սկսել են իջնել ձնապատ լանջով, Էդգարը` որպես խմբի առաջնորդ, սկսել է առաջինն իջնել։ Խումբը հետևել է նրան, գրել է Լևոնյանը։

«Ամենայն հավանականությամբ, նրանք պոկել են ձնաշերտը, ձյան զանգվածը շարժվել է և վայր գցել առաջին վեց հոգուն։ Նրանք սկսել են սահել և դուրս են եկել ժայռապատ հատված։ Նաիրուհին մահացել է քարերին հարվածելու հետևանքով, Էդգարը ոտքի բարդ կոտրվածք է ստացել, իսկ Հրաչյա Հարությունյանը` անրակի կոտրվածք», — նշել է զբոսավարը` գրելով, որ միջադեպի իրական պատճառները կպարզի հետաքննությունը։

Նրա խոսքով` նույնիսկ եթե ձնահոսք է եղել, որին հայ ալպինիստները երբեք չեն բախվել և նույնիսկ չէին կարող կասկածել դրա գոյության մասին, ապա այն փոքր է եղել։ Լևոնյանը նշել է, որ խմբի անդամներն անհապաղ օգնության են նետվել իրենց ընկերներին. զանգահարել են ԱԻՆ և Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիա։

Խմբում նաև բժիշկ է եղել, որը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել Նաիրուհուն։ Ցավոք, նրա վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, գրել է Լևոնյանը։

Լևոնյանը նաև հավելել է, որ ալպինիստ-փրկարարների խումբն ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ անհապաղ մեկնել է Արա լեռ և արդեն 40 րոպե անց ողբերգության վայրում է եղել։ Էդգարին ցավազրկող են ներարկել, փաթաթել տաք հագուստով և արդեն մթնշաղին, ճանապարհը լուսավորելով լապտերներով, փոխարինելով միմյանց, ներքև են իջել։

Ալպինիստները սլացել են օգնության

Նաիրուհու մարմինն իջեցրել են դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները։ Հրաչյա Հարությունյանն ինքնուրույն է իջել։

«Այնտեղ 50 ալպինիստ է ժամանել, որոնցից շատերն այդ ժամանակ վերելք են կազմակերպել Հայաստանի տարբեր շրջաններում, բայց աղետի մասին ահազանգ ստանալով` ամեն ինչ թողել են և սլացել այնտեղ», — պատմել է Լևոնյանը։

Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին

Նույնիսկ պարզ հատվածներում փրկարարական գործողությունները բավական բարդ են ու վտանգավոր և մեծ ռիսկ են ներկայացնում փրկարարների համար։

Միայն փրկարարների ու ալպինիստների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է հաջողվել առանց միջադեպերի անցկացնել գործողությունը։

Էդգարին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Հիմա նա վերականգնողական բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Առաջին վիրահատությունը պետք է կատարեն այս ուրբաթ։

Նա մի քանի բարդ վիրահատություն պետք է տանի, իսկ հետո անցնի վերականգնման երկար շրջան։ Կվիրահատեն նաև Հրաչյա Հարությունյանին։

Լևոնյանը հավելել է, որ լեռնային զբոսավար Արմեն Մկրտչյանն առաջարկել է բոլոր զբոսավարներին Էդգարի փոխարեն անցկացնել այս տարի պլանավորած արշավները, իսկ ստացած գումարն ուղղել նրա բուժմանը և վերականգնմանը։ Շատերն են արձագանքել։