ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. 37 տարեկանում քաղցկեղի զոհ դարձած ռեժիսոր Մարիա Սահակյանի հարազատները հայտնում են, որ երեկ հայտարարված Մարիա Սահակյանի հրաժեշտի քաղաքացիական արարողությունը չի կայանա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը։
«Մարիա Սահակյանի հոգեհանգիստը, ինչպես և հայտարարվել է, տեղի կունենա փետրվարի 1-ին ժ. 17։00-ին Քանաքեռի ռուս ուղղափառ եկեղեցում (Զաքարիա Քանաքեռցու 68)։
Թաղումը տեղի կունենա փետրվարի 2-ին Սանահինում»,- նշել է նա։
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:
2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին:
Ավելի ուշ «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին։