Հայաստանի փոքր քաղաքները վերջապես «մարդավարի» ջուր կունենան

Հայաստանի քաղաքներից շատերում ջրի կորուստը 85 տոկոսից հասել է 76 տոկոսի, իսկ ջուրն իսկապես քաղցրահամ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի 28 քաղաքում և 162 գյուղում ավելացել են խմելու ջուր մատակարարելու ժամերը։ Այդ մասին լրագրողներին ասաց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Սեզար Լորենսը` մեկնաբանելով ջրմուղային խողովակների և կոյուղային ցանցի վերանորոգման հետ կապված վարկային ծրագրի արդյունքները։

Գյուղի ճամփան դժվար է, երկար... Հայաստանում տրանսպորտային ցանց են մշակում գյուղերի համար

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ջրմուղն ու կոյուղին (հատկապես Հայաստանի մարզերում) բարձիթողի վիճակում են եղել և հիմա 70 տոկոսով վերանորոգման կարիք ունեն։ Ջրի կորուստը հասնում էր 85 տոկոսի։ Իսկ դա 4 անգամ ավելի բարձր է, քան նույնիսկ Արևելյան Եվրոպայի քաղաքների մեծամասնությունում, Արևմտյանի մասին չխոսենք։

2007թ-ից սկսած` Ասիական զարգացման բանկի 76 մլն դոլար արժողությամբ երկու վարկերով Հայաստանի իշխանությունները վերանորոգել են 28 քաղաքի և 162 գյուղի «ծակ» խողովակները։

Արդյունքում ջրի կորուստը կրճատվել է` 85 տոկոսից հասնելով 76-ի։ Բնակիչները ջուր են ստանում ոչ թե օրական 10 ժամ, այլ 19,3։

Ջուրն ավելի մաքուր է դարձել, ինչը հատկապես արդիական է Արարատյան դաշտի համար։ Այնտեղ հողն աղի է, իսկ ջուր ստանում են համեմատաբար ոչ խոր ստորգետնյա հորերից։ Տուժում էին թե՛ բնակիչները, թե՛ ձեռնարկությունները. նրանք ստիպված էին խողովակներից մաքրել աղը։

Հիմա շատ խնդիրներ լուծված են, նշել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Հովհաննես Հարությունյանը։

Հայաստանի բոլոր մարզերում աշխատանքներն ավարտվել են 2017թ-ի ապրիլին։