Սիրել ռուսական ձևով, կամ ինչպես Գեորգի Մարտիրոսյանը հրացանակիր չդարձավ

Հունվարի վերջին օրը ծննդյան 70-ամյակն է տոնում ռուսական բեմի և կինեմատոգրաֆի ամենանշանավոր դեմքերից մեկը` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանը։ Արտիստի ստեղծագործական ուղուն է անդրադարձելել Ռուբեն Գյուլմիսարյանը։
Sputnik

Գեորգի Մարտիրոսյանի հայրական կողմի նախնիները (այդ թվում` պապը) ապրել են Գյումրիում: 1915 թվականին թուրքերն այնտեղ չեն հասել։ Ճիշտ է` նա պապին չի ճանաչել և միայն հայ տատի հետ է շփվել, բայց տատը չի հասցրել հայերեն սովորեցնել թոռանը։ Դերասանն այսօր ափսոսանքով է խոսում այդ մասին։

«Բարև, Լևոն Վիսոցկի». ինչպես է մեծ բանաստեղծը փոխել հայի կյանքը

Գեորգի Մարտիրոսյանը շատ ֆիլմերում է խաղացել` «Սիրել ռուսական ձևով», «XX դարի ծովահենները», «Կադետություն» սերիալը… Բոլորը թվարկել հնարավոր չէ, և բոլորովին էլ պետք չէ։ Ամենայն հավանականությամբ կինոյի սիրահարներից յուրաքանչյուրն իր, այսպես ասած, «ուրույն Մարտիրոսյանն» ունի` դերասանի մարմնավորած այն կերպարը, որ սիրել է ու ընդմիշտ հիշել։

Ծնվել է Դոնի Ռոստովում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի թատերական ինստիտուտ (Գ.Գուրովսկու արվեստանոց), ավարտել 1968 թվականին։ Բանակում ևս մասնագիտությամբ է ծառայել. Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի երգի ու պարի համույթի կոնֆերանսիեն է եղել։

Բայց դա հետո էր։ Գեորգի Մարտիրոսյանի ո՛չ հայրը, ո՛չ մայրը դերասանի մասնագիտության, թատրոնի և կինոյի հետ որևէ կապ չեն ունեցել։ Նրա վերջնական ընտրության հարցում, թերևս, դեր են խաղացել բնավորության որոշակի գծերը։ Բնածին առաջնորդ էր, դպրոցում ոչ միայն չարաճճիություններ էր անում և ներգրավում մյուսներին, այլև ըմբոստության որոշակի կարգ էր սահմանել, կարծես նպատակաուղղված էր զարգացնում ու կատարելագործում այդ հատկությունը։ Ամեն ինչ ասում է նրա «Батька Махно» մականունը։ Ընդ որում` ուսման ընթացքում «երեք» գնահատական չի ունեցել։

Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին

Ռոստովի թատրոններում աշխատելը Գեորգիին չգրավեց, առավել ևս, որ ոչ սին հավակնություններ ունենալով` նրան հազվադեպ էին այնպիսի դերեր բաժին ընկնում, որոնց մեծությունն ու նշանակությունը կարող էին գոհացուցիչ համարվել։ Հասկանալով, որ Ռոստովում հասել է իր գագաթնակետին` 1973 թվականին մեկնեց գրավելու Մոսկվան։ Ցանկալի բարձունքներին Մոսկվայում հասնելն այդքան էլ հեշտ չէր։ Հարթ երևի լինում է միայն կինոյում, այն էլ ոչ միշտ։

Նա աշխատեց մայրաքաղաքի տարբեր թատրոններում, ասում է` ընդհատվող հաջողություններով։ Իհարկե, երկրորդ և նույնիսկ երրորդ պլանի դերերը քչերին կարող էին ստեղծագործական բավականություն պատճառել, բայց երևի եղան նաև նշանավոր դերեր, որովհետև Մայակովսկու անվան թատրոնում աշխատեց տասը տարի։ Ուրեմն պահող բան կար, իսկ սեփական «ես»-ի ստեղծագործական փնտրտուքները սովորական պատմություն են նրանց համար, ովքեր աշխատում են, ոչ թե գործ անում անելու համար։ Նույնիսկ գործարանում, նույնիսկ կոնվեյերի վրա։

Սակայն նա առավել հայտնի դարձավ ոչ թե թատերական, այլ նկարահանման հարթակի շնորհիվ։ Այն, ինչ իսկապես կարելի է կոնվեյեր կոչել, Մարտիրոսյանի ֆիլմագրությունն է։ Երկար և հարգանք ներշնչող ցանկ` սկսած 1975 թվականից մինչ այսօր։ Նշանակում է` պահանջված էր։

Ինչպես էր Ֆրունզիկը խանգարում գյուղացիներին, կամ ինչու Գյումրիում չկա Մկրտչյանի դամբարան

Միայն մեկ անգամ հարաբերական անհաջողություն եղավ նրա կինոկարիերայում։ 1979 թվականին նրան ընտրեցին «Դ'Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմում Պորտոսի դերի համար։ Բայց հետո այդ դերի համար հաստատեցին Վալենտին Սմիրտինսկուն, իսկ Մարտիրոսյանը մարմնավորեց Ռիշելիեի գվարդիական զինվորներից մեկին, սակայն մոնտաժից հետո ֆիլմի վերջնական տարբերակում այն տեսարանները, որոնցում նա կար, հանեցին։

Ասում են, որ դերասանի երկրորդ կինը` Տատյանա Վասիլևան, դիտել է «ХХ դարի ծովահենները» ֆիլմն ու սիրահարվել նրան` երիտասարդ և վայելչակազմ տղամարդուն։ Այդպես է, թե ոչ, չգիտենք, բայց եթե նույնիսկ այդպես չէ, թող գեղեցիկ պատմությունը մեկով շատ լինի։

Իհարկե, բացի դերասանական տաղանդից, Մարտիրոսյանի կյանքում ոչ պակաս դեր է խաղացել նաև արտաքինը։ Լինելով բարձրահասակ, գեղեցիկ, ունենալով մարզված մկաններ և, պետք է ասել, հանգիստ ու անվրդով դեմքի արտահայտություն, հրեշտակի պես շիկահեր գանգուրներ, նա մի շարք դերեր է ստացել։

Ճիշտ է` մեծ մասամբ բացասական դերեր է խաղացել, չգիտես ինչու։ Բայց Գեորգի Մարտիրոսյանը դրանից չի տանջվել։ Մի անգամ ասել է, որ չարագործներին մարմնավորելը նույնիսկ ավելի հետաքրքիր է։