Պաշտոնանկություններ ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը 32 ծառայողի է ազատել աշխատանքից

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության 32 ծառայողի է ազատել աշխատանքից՝ այդ թվում նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի մի շարք հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ոստիկանության կենտրոնական ապարատում: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից։

Համապատասխան հրամաններ են եղել, որոնց համաձայն՝ 23 ծառայող անցել է թոշակի, 9 ծառայող ուղարկվել է կադրերի ռեզերվ, թափուր տեղերը համալրվել են 21 ծառայողով։Պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետի անձնակազմի գծով տեղակալը, Վայքի ոստիկանապետը, ով անցել է թոշակի։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գագիկ Չիբուխչյանը նշանակվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ:

Նախագահը ոստիկանապետին հանձնարարել է արագացնել բարեփոխումները

Ազատվել են նաև Սյունիքի,Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի տեղակալներ և այլ ծառայողներ։ Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Մինասյանը նշանակվել է Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ: Վազգեն Թորոսյանը ազատվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Խաչիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ: Թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Վայքի բաժնի պետը: