Մխիթարյանն 1–ին անգամ խաղաց «Արսենալի» կազմում

«Զինագործների» մարզիչը նոր խաղացողին խաղադաշտ հանեց հանդիպման 59–րդ րոպեին։ Սակայն «Սուոնսիի» հետ խաղն ավարտվեց «Արսենալի» պարտությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Երեկ` հունվարի 30–ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին»:

«Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը:

Առաջին գոլից մեկ րոպե էլ չէր անցել, երբ տանտերերը հավասարեցրին հաշվը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը:

Daily Star-ը հայտնել է` երբ է Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս գալու

Երկրորդ խաղակեսում, սակայն, «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:

61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 59-րդ րոպեին:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով։

Այս խաղից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ:

«Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին. Այդ օրը նա կխաղա «Էվերթոնի» հետ: