Բժիշկ Սալդմանը «տարօրինակ» գնահատական է տվել հայկական խոհանոցին

Ֆրանսիացի սրտաբանը խորհուրդ է տալիս ճաշակել բանջարեղենային ուտեստները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ուզում եք առողջ լինել, սնվեք հայկական ձևով, խորհուրդ է տալիս բժիշկ Ֆրեդերիկ Սալդմանը, որը Ֆրանսիայի հայտնի սրտաբաններից և սննդաբաններից մեկն է։ Հայկական խոհանոցը նրան հետաքրքրել է, երբ կարդացել է ֆրանսիացի լրագրող Ռիշար Զարզավաջյանի Cuisine d'Arménie (Հայաստանի խոհանոցը) գիրքը։ Այս մասին հայտնում է RTL հեռուստաընկերությունը։

Խոհարար. եվրոպական խոհանոցի հիմքում հայկական բաղադրատոմսերն են

Ռիշարը գիրքը կազմել է մոր բաղադրատոմսերից, որոնք քրոջ` Կորինի հետ գտել է տանը։

Գրքում հիմնականում ներկայացված են այնպիսի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք պատրաստում են սփյուռքահայերը` բաբաղանուշ (սմբուկի խյուս), կեշկեկ (շոգեխաշած միս ձավարով կամ գարիով), մեզ քաջածանոթ տոլման, գրեթե մոռացված կաթնապուրը և այլն։

Բժիշկ Սալդմանն ուսումնասիրել է այդ բաղադրատոմսերը և, անտեսելով մսային ուտեստները (ինչը հայաստանցիների մեծ մասի համար անհասկանալի կթվա), նա ուշադրություն է դարձրել բանջարեղենային «հատվածին»։

Բժիշկը վստահեցրել է, որ դրանք շատ օգտակար են։

«Որքան շատ ենք մենք բանջարեղեն ուտում, ընդ որում` ամենատարբեր, այդքան ավելի շատ ենք մենք ստանում մեզ անհրաժեշտ բջջանյութը, և դրանով նվազում է պեստիցիդի ավելցուկը։ Այնպես որ մեր սննդակարգն ինչքան բազմազան լինի, այնքան ավելի լավ մեզ համար», — ասել է նա։

Սմբուկ, վարունգ, արտիճուկ, լոբի, սպանախ, դդմիկից պատրաստած կոտլետներ. այս ամենի մասին գրված է Զարզավաջյան ընտանիքի բաղադրատոմսերում, որոնք խորհուրդ է տալիս պատրաստել ու ճաշակել բժիշկ Սալդմանը։