Փհենչհանի օլիմպիական խաղերում ներգրավված է նաև դոպինգ սպա Անժելա Սահակյանը Հայաստանից

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 hունվարի — Sputnik. Անժելա Սահակյանը Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ–ի մամուլի ծառայությունից։

Ամառային և ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով նաև տարբեր երկրներից  դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի Խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի:

Ովքե՞ր են այն երեքը, որ Հայաստանի անունը կհնչեցնեն Փհենչհանում

Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ, համապատասխան, հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, և մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության և գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որևէ լրացուցիչ հարցի ու խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ»,-ՀԱՕԿ լրատվականին ասել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Անժելա Սահակյանի ճանապարհածախսը Փհենչհան կհոգա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։