Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արա լեռան վրա. ականատեսի բացահայտումը

Արա լեռան լանջին տեղի ունեցած ողբերգությունն առիթ է տվել տարբեր մեկնաբանությունների, որոնք երբեմն հեռու են իրականությունից։ Sputnik Արմենիան պարզել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայոց բանակի օրը Արա լեռը բարձրացած հայ ալպինիստների խումբը չի կասկածել, որ հաջող վերելքից հետո իջնելիս կարող են ձյան սահքի պատահել։

Բանակի օրն այդ սարը բարձրանալը յուրօրինակ ավանդույթ է դարձել։ Տրամադրությունը հիանալի է եղել` ինչպես միշտ լինում է Էգդար Նավասարդյանի հետ արշավների ժամանակ։ Բարձրանալիս ոչ մի խնդիր չի եղել։ Դադարներ անելով բարձրացել են։

Արա լեռան դժբախտ դեպքի մանրամասները. ինչպես բնության «չար կատակը» մարդու կյանք խլեց

Ականատեսի խոսքով` Էդգարը պրոֆեսիոնալ ալպինիստ է և որպես խմբի ղեկավար`  նա անհրաժեշտ ցուցումներ է տվել ինչպես բարձրանալիս, այնպես էլ իջնելիս։

Նավասարդյանի կազմակերպած բազմաթիվ արշավների ժամանակ նույնիսկ չնչին պատահարներ չեն եղել, քանի որ անվտանգության կանոններին խստորեն հետևել են։

«Այդպես է եղել նաև այս անգամ։ Բայց միջամտել է տարերքը, որը կանխագուշակելն անհնար էր։ Ամեն ինչ ակնթարթորեն տեղի է ունեցել գագաթից իջնելու ժամանակ», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով` իջնելիս Էդգարը հերթական անգամ տեղեկացրել է, թե ինչպես պետք է հետևել անվտանգության կանոններին։ Խումբը շարքով է գնացել, ըստ ավանդույթի` առաջինը գնացել է ղեկավարը։

Եվ այստեղ անսպասելիորեն սկսվում է այն, ինչին ոչ ոք չէր սպասում` ձյան հզոր հոսք։ Հիմնական հարվածը կրել են առաջին շարքերում գնացող ալպինիստները։

Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին

Արշավի մասնակիցները միանգամից արձագանքել են պատահարին, պատմեց ականատեսը։ Խմբում բժիշկ է եղել, որն անհապաղ առաջին օգնություն է ցուցաբերել տուժածներին։

«Ցավոք, տուժածներից մեկին չի հաջողվել փրկել։ Նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել», – պատմեց նա։

Խմբի անդամները կապվել են ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի, ինչպես նաև փրկարարների հետ։ Պրոֆեսիոնալ ալպինիստները` ֆեդերացիայի անդամները, առաջինն են օգնության հասել տուժածներին։

Հիմա խմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ։ Նա կոտրել է ոտքը, նրան մի քանի բարդ վիրահատություն է սպասվում։ Էդգարը նաև ուժեղ ցրտահարության է ենթարկվել։

Արշավի մասնակիցներից մեկը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան նույնպես կվիրահատեն։

Հայկական ալպինիզմի պատմության մեջ նման արտակարգ պատահարներ չեն եղել, հատկապես պրոֆեսիոնալ թիմերի շարքում։ Ռիսկի խմբում ավելի հաճախ հայտնվում են անհատ ալպինիստները։