Արցախում կռվածներին աշխատանքից չեն ազատի. իշխանությունն ու ընդդիմությունը համաձայն են

Իշխանությունը խնդրում է մի փոքր սպասել. նախագիծը լուրջ փոփոխություններով կմիավորեն Աշխատանքային օրենսգրքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Արցախում կռվածներն ու նրանց ընտանիքի անդամները նոր աշխատանքային երաշխիքներ են ստանալու։ Այդ մասին օրինագիծը ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Այսօր հարցը քննարկվել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։

Գործատուն աշխատանքային գրքույկ պահանջելու իրավունք չունի

Նրանք առաջարկում են հետևյալը. «Անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից, աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է` ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը կես տարի է՝ այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Ըստ նրա` կառավարության պատրաստած օրինագծի տարբերակը ոչ միայն չի սահմանափակում, այլև ընդլայնում է այս հնարավորությունները, վերաբերում է ոչ միայն զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին, այլ նաև ավելի լայն շրջանակի։

«Այդ պատճառով մենք առաջարկել են պատգամավորներին միավորել այս առաջարկները և ներկայացնել դրանք միասնական օրինագծում», — հայտնեց Ավետիսյանը։

Աշխատանքային օրենսգրքում նախատեսված լայնածավալ փոփոխությունների նախագիծը մոտ ապագայում պետք է ներկայացվի կառավարության ուսումնասիրմանը։