Հայաստանը` միֆերի գերի. ինչով կզբաղվի «ժպտերես նախագահը»

Հայաստանի նախագահի թեկնածուի անձը դեռ 90–ականներից պատված է միֆով, կարծում է քաղտեխնոլոգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկրի ղեկավար դառնալու դեպքում կզբաղվի արտաքին քաղաքականությամբ և տնտեսությամբ, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Սարգսյանի թագավորական ռևերանսը. ինչով է տարված Հայաստանի ապագա առաջին տիկինը

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին առաջարկել են դառնալ Հայաստանի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու։

Հակոբյանի խոսքով` Արմեն Սարգսյանի անձի շուրջ գոյություն ունեն լեգենդներ և առասպելներ, որոնք ծագել են դեռ 1996թ-ին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը նրան խաղի մեջ է մտցրել շատ բարդ շրջանում` ընտրությունների ժամանակ, որպեսզի փոխի տրամադրությունները։ Ընդամենը հինգ ամիս հետո նա հեռացել է «տառապյալի» լուսապսակով։ Մնացել է միֆն այն մասին, որ «ժպտերես մարդը» ցանկանում էր ինչ-որ բան անել, բայց նրան թույլ չտվեցին», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգն Արմեն Սարգսյանին բավականին հետաքրքիր անձնավորություն է համարում, որը կհամադրի ներքին և արտաքին քաղաքականությունը։

«Սարգսյանն իր վրա ոչ պաշտոնական գործառույթներ կվերցնի` կապված արտաքին տնտեսական և քաղաքական ոլորտի հետ։ Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը, առաջարկելով Սարգսյանի թեկնածությունը, փորձում է լուծել արտաքին քաղաքականությունում հակակշռի հարցը», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երկրի քաղաքական կյանքում հայտնվում են մարդիկ, որոնք «համակարգի» ծնունդ չեն։ Դա որոշակի ուղերձ է հասարակությանը։ Նրա խոսքով` 2014թ-ից տեղի է ունեցել լուրջ սելեկցիա, շատ բան է զտվել։

Ինչ վերաբերում է ապագա վարչապետին, ապա, նրա խոսքով, մինչև հիմա վերջնական որոշում չկա այն մասին, թե ով կգլխավորի կառավարությունը։