Ռուսաստանի Պետդումայում տեղի է ունեցել կլոր սեղան` «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքար. օրենսդրական ասպեկտներ» թեմայով։ Միջոցառման որոշ մասնակիցներ ամեն ինչից զատ հայտարարել են, որ Երևանում հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը պետք է քանդել։
Այդ թեմայով հատկապես մեծ ջանքեր է գործադրել մեզ քաջ ծանոթ Սերգեյ Մարկովը։ Ի դեպ, հայկական ԶԼՄ-ներն այսօր մեծ ուշադրություն են դարձրել այդ իրադարձությանը։ Արձագանքել են նաև պաշտոնական այրերը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահ է, որ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը` Գարեգին Նժդեհի հուշարձանը քանդելու վերաբերյալ, ադրբեջանական հետք է կրում։
«Պարզ է, թե ինչու են այս շահարկումներն արվում։ Պետք չէ ընկնել ծուղակները: Այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են, և այստեղ ավելացնելու կամ պակասեցնելու բան չկա», — երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Ճիշտ նույն կերպ և նույնիսկ ավելի կոշտ արձագանքել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը կաշկանդված չէ դիվանագիտական պարտադիր էթիկետի կաղապարներով։ Նա նշել է, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելը հայ ժողովրդի բացառիկ իրավունքն է, և Նժդեհը համարվում է Հայաստանի ազգային խորհրդանիշը, ինչպես Պետրոսը Առաջինը Ռուսաստանի համար։
Թեև, իհարկե, այդ հարցում ռուսական իշխանության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է բոլորին, իսկ այդ դիրքորոշումը ժամանակին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, և Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ազգային հերոսներին։
Այդ հարցն առաջին անգամ չի շոշափվում, և Շարմազանովի բնորոշմամբ` այն բարձրացնում են «այս կամ լոբբիստական մարգինալ խմբերը»։ Այդ «արգելիչ» արշավում Սերգեյ Մարկովի առկայությունն իսկույն դրդում է համաձայնել փոխխոսնակի հետ։
Հետաքրքիր է, որ ռուսական լուրջ ԶԼՄ-ներում գրեթե ոչինչ չի նշվում այդ, այսպես ասած, նախաձեռնության մասին։ Տեղեկատվություն կա կլոր սեղանի մասին` քննարկված թեմաների բավական մանրամասն շարադրանքով, բայց հենց «Նժդեհի հուշարձանի խնդրի» մասին գրեթե ոչինչ չի գրվել։ Փոխարենը Հայաստանից արևելք ընկած պետության մամուլը ոգևորված վայելում է այդ նորությունը։
Արդեն հասկանալի է, թե որտեղից է քամին փչում, և հենց ում են պաշտպանում Նժդեհի թեման հերթական անգամ բարձրացնողները։ Միայն Մարկովը բավական է հասարակ եզրակացություն անելու համար։ Այդ քաղաքագետի անձը, որը Հայաստանին մեղադրում է «ֆաշիզմի հանցակից լինելու» մեջ, այնքան տհաճ է, որ նույնիսկ ռուսական աղբյուրները, հավանաբար, նախընտրում են չմեջբերել նրան։
Փոխարենը նրա ասածի մեջբերումներով են ողողված Ադրբեջանի ԶԼՄ-ները։ Ո՞վ էր կասկածում, որ կարող էր անտեսվել կազմակերպիչների ասածը։ Զավեշտալին այն է, որ Հայաստանին «ֆաշիզմի հանցակից» լինելու մեջ մեղադրում է այն պետությունը, որը հայատյացությունը դարձրել է իր քաղաքականության հիմնասյունը, մի ամբողջ երկրի կենսակերպը։
Եվ պարոն Մարկովը չի կարող դա չիմանալ, բայց չէ՞ որ կորպորատիվ շահեր կան…
Մարկովը հայտարարել է նաև, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ կայքում 200 հազար ստորագրություն է հավաքվել Երևանում հուշարձանն ապամոնտաժելու համար։ Առաջին հերթին, Մարկովը համարձակորեն կարող էր նշել նաև 200 միլիոն թիվը, քանզի դա ոչ մի նշանակություն չունի։
Երկրորդ։ Ես խորհրդարանի փոխխոսնակ չեմ և ոչ էլ արտգործնախարար, ինձ չի ճնշում դիվանագիտական զուսպ ձևակերպումներ ընտրելու անհրաժեշտությունը, բայց ամեն դեպքում պետք է մնալ բարեկիրթ հասարակության թույլատրած շրջանակում։ Ուստի թույլ կտամ ինձ ուղղակի նողկանք արտահայտել այդ պարոնի նկատմամբ, որին բաժին է ընկել աղավնիների աշխատանքը` կեղտոտել հուշարձանները։ Աղավնին գոնե չի հասկանում է, որ սիրուն բան չի անում։ Թեև, հնարավոր է, կան մարդիկ, որոնց ընկալման համար նման պարզ բաներն անհասանելի են, ով իմանա…
Այդ ստորագրահավաքը նույնքան անհեթեթ է, որքան եթե Հայաստանում ինչ-որ մեկի մտքով անցներ քանդել Պետերբուրգում Ձմեռային պալատի առջև տեղադրված Պետրոս Առաջինի հուշարձանը։ Ուղղակի բարդ է նման անհեթեթության մասին մտածելը։
Ճակատագրով մեզ բաժին ընկած հարևաններն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի սեպ խրեն հայ-ռուսական հարաբերություններում, վնասեն Հայաստանին։ Ամեն անգամ ընտրվում են ավելի անհեթեթ առիթներ, որոնք ոչ մի կշիռ չունեն։ Իհարկե, չի կարելի բոլորովին չարձագանքել դրանց, որքան էլ ուզենք, բայց մեծ խնդիր սարքել նույնպես պետք չէ։ Հենց դրան են ձգտում պատվիրատուները։
Իսկ արևելյան պետությունում կարող են անել այն, ինչ խելքներին փչի, մեզ դա չի հետաքրքրում։ Ում հուշարձանն ուզում եք` տեղադրեք, ազգային հերոս հռչակեք, քանի որ իսկական հերոսներ չունեք, քնած մարդուն սպանողին հերոս դարձրեք. ինչպես խոստովանել էր այդ մարդասպանը, նա ուղղակի վախեցել է ցերեկը մոտենալ իր զոհին։
Կարող եք անգամ գեներալիսիմուս դարձնել նրան։