Ի՞նչ անակնկալ են պատրաստում մեզ համար ադրբեջանցի հաքերները

Ամբողջ աշխարհում կիբեռանվտանգության հետ կապված իրավիճակն իսկական գլխացավանք է դարձել ՏՏ մասնագետների և առանձին երկրների իշխանությունների համար։ Հայաստանը բացառություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Եթե նախկինում ցանցահենները սահմանափակվում էին սոցիալական ցանցերում հայերի էջերը կոտրելով` նրանց անունից վիրուսային տեսանյութեր և վնասաբեր հղումներ ուղարկելով, ապա այսօր ախորժակը մեծացել է, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը։ Տոնի նպատակն է հիշեցնել օգտատերերին համացանցում պահվածքի կանոններին հետևելու մասին, որոնք օգնում են անվտանգ դարձնել նրանց վիրտուալ և իրական կյանքը։

Մարտիրոսյանի խոսքով` չնայած նրան, որ հայ օգտատերերի շարքում իրավիճակը փոխվում է դեպի լավը, այնուհանդերձ հարցը չի լուծվում։

«Սպառնալիքները նույնպես փոխվում են, զարգանում։ Փորձագետների նախազգուշացումները համակարգային բնույթ չեն կրում։ Հաքերները հիմա իրենց ուշադրությունը կենտրոնացրել են տվյալների բազան կոտրելու, պլաստիկ քարտերից փող գողանալու վրա», — նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ ցանցահենները նույնպես ուզում են, այսպես ասած, հացի փող վաստակել։

Մեդիափորձագետը նշեց, որ հայերը որպես կանոն չեն հետևում անվտանգության կանոններին, և դա վերաբերում է ոչ միայն վիրտուալ տարածքին, այլ նաև սովորական կյանքին։

«Մեզ մոտ սովորական բան է հասարակ տեղեկատվական հիգիենան անտեսելը։ Վերջին տարիներին ինչ-որ առաջխաղացում կա, բայց ամեն դեպքում իրավիճակն ընդհանուր առմամբ ծայրահեղ է»,- նշեց Մարտիրոսյանը։

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում Ֆեսյբուքի հայկական էջերը

Պատասխանելով այն հարցին, թե մեր երկրում կա՞ն արդյոք ռիսկի հատուկ խմբեր, նա նշեց, որ դրա մեջ մտնում են բոլորը, բացի ՏՏ մասնագետներից։ Միաժամանակ նա ավելացրեց, որ գողացված անձնական տվյալների հետևանքները կարող են տարբեր լինել, հենց այդ պատճառով պետք է զգոն լինել։

Հունվարի 28-ին Հայաստանի ԶՈւ-ն նշում է Բանակի օրը։ Հարց է ծագում, թե այս շրջանում ակտիվանո՞ւմ են արդյոք հարևան երկրների (Թուրքիայի և Ադրբեջանի) ցանցահենները։

«Սովորաբար Բանակի օրը գրոհում են հայ հաքերները, բայց նրանք վերջին երկու տարում բավականին պասիվ են։ Ադրբեջանական հաքերներն ավելի ակտիվ են ուրիշ տոների ժամանակ, օրինակ` Անկախության օրվա։ Այնպես որ, այսօր դժվար թե ինչ-որ լուրջ բան տեղի ունենա», — ասաց Մարտիրոսյանը։

Խոսելով կիբեռանվտանգության ոլորտում զանգվածային անգրագիտության մասին՝ նա նշեց, որ տարբեր երկրներում հատուկ ակցիաներ են անցկացվում բնակչությանն իրազեկելու, տեղեկատվական անվտանգության հիմունքները սովորեցնելու համար։

Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում նման բան չկա, ուստի մեր երկրում խեղդվողները հենց իրենք պետք է գտնեն խեղդվելուց փրկվելու ճանապարհը։