Մենք պայքարում ենք ընդդեմ հանցավոր քաղաքականության. այսօր Հոլոքոստի հիշատակի օրն է

Հայաստանում ամեն տարի հարգում են Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հունվարի 27-ը Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի օրն է: Հայտնի է, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին զանգվածային ոչնչացման է ենթարկվել 6 միլիոն հրեա: Հայ հանրությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այս տարեթվին, քանի որ մենք ինքներս էլ ցեղասպանություն տեսած ու կրած ժողովուրդ ենք, ավելին՝ մենք մշտապես շեշտադրում ենք այն համոզմունքը, որ Հոլոքոստը Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք էր:

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընդդեմ Թուրքիայի. «հանունի» կամ «ընդդեմի» իսրայելական միտումները

«Իրոք պատահական չէ, որ Հայաստանում ամեն տարի նշում են այս օրը, ավելին` մենք ունենք նաև հուշարձան, որտեղ ամեն տարի մարդիկ հավաքվում են` հարգելու անմեղ զոհերի հիշատակը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` ավելացնելով, որ ցեղասպանական քաղաքականությունը հանցավոր մտածելակերպ և գործելակերպ է: Ըստ Ալավերդյանի` դա քաղաքականություն է, երբ նպատակին հասնելու համար որպես գործիք օգտագործվում է ամենադաժան ձևը, այն է` ազգի, նրա հետքերի ոչնչացումը:

Առհասարակ, մարդկության փորձը ցույց է տալիս` ցեղասպան ազգը ստանում է անպատժելիության լիցքեր. երբ չեն կանխվում նրանց գործողությունները, նրանք չեն հանդիպում մշտական դիմադրության, ապա շարունակում են ձևավորվել ու ուժեղանալ այդ լիցքերով` իրենց նպատակներին հասնելու համար: Ահա, այդ դեպքերում, անպայման, տեղի են ունենում նոր ցեղասպանություններ, օրինակ, Ռուանդայի ցեղասպանությունը և ոչ միայն դա:

Лариса Алавердян

«Երբ մենք խոսում ենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, պետք է հասկանանք` ոչ թե պայքարում ենք թուրքերի դեմ, հակառակը՝ մենք պայքարում ենք ընդդեմ հանցավոր քաղաքականության և ամեն անգամ հրավիրում ենք Թուրքիային մտնել քաղաքակրթական դաշտ»,- շեշտում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Այսինքն`որպես ցեղասպանություն վերապրած ազգ մենք կրում ենք պատասխանատվություն և պայքարելու պարտավորություն, որովհետև ցեղասպանությունը մարդկության և մարդասիրության դեմ հանցագործություն է: