Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» պանթեոնում

Ազատամարտիկ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի` «Եռաբլուրում» հուղարկավորելու որոշումը կայացվել է` հաշվի առնվելով մի շարք հանգամանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։

Մահացել է Սարգիս Հացպանյանը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թեպետ Սարգիս Հացպանյանի կնոջ ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր հիմնավորումը՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ դա ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Արցախի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մահացել է 2018թ.–ի հունվարի 20–ին, ծանր հիվանդությունից։