Թուրքական ռադիոկայանը պատժվել է Ալիևի կնոջ հասցեին արված կատակի համար

Թուրքական ռադիոկայանին տուգանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա կնոջ` փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Մեծ տարածում ունեցող ստամբուլյան Show Radyo ռադիոկայանին տուգանել են Ալիևների ընտանիքի` Ադրբեջանի նախագահի ու փոխնախագահի հասցեին վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը։

Ադրբեջանի ՊՆ–ի երևակայական նվերն Իլհամ Ալիևի ծննդյան տոնին

Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը  (RTÜK) պատժամիջոցներ է կիրառել թուրքական Show Radyo ռադիոկայանի նկատմամբ՝ 2018 թվականի հունվարի 16–ին եթեր գնացած հաղորդման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային վիրավորելու համար։

RTÜK–ը սպառնացել է` մեկ տարվա ընթացքում նմանատիպ ևս մի հաղորդում հեռարձակելու դեպքում ռադիոկայանը 10 օր ժամկետով կզրկվի հեռարձակման իրավունքից: Եթե ռադիոկայանը որոշի ևս մեկ անգամ կրկնել դա եթերում` ապա ռադիոկայանի արտոնագիրը չեղարկվի։

RTÜK–ի այս որոշումը Թուրքիայի ռադիոհեռարձակման պատմության մեջ ամենախիստ որոշումն է։

Հաղորդավարի հեգնական մեկնաբանությունը վերաբերում էր Մեհրիբան Ալիևանյին` Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակմանը։