Ես այստեղ եմ, իսկ իմ քննադատները վաղուց չկան. Շառլ Ազնավուր

Հանրահայտ երգիչը նախընտրում է, որ իրեն ոչ թե ծեր, այլ մեծահասակ անվանեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը սխալ է համարում «ծեր» բնորոշումը։ Այդ մասին նա խոսել է չորեքշաբթի երկրպագուների հետ հերթական հանդիպման ժամանակ։ Երգիչը պատմել է իր կյանքի մասին և որոշ երգեր է կատարել։ Այս մասին հայտնում է La Provence-ը։

Անդրադառնալով իր պատկառելի տարիքին (93 տարեկան)` Ազնավուրը նշել է, որ ինքը բոլորովին էլ ծեր չէ։

«Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան»,- ասել է նա:

Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ Ազնավուրը պատմել է, թե ինչպես է պատանեկության տարիներին տեղ գտել Մարսելի երգիչների միջավայրում, ամբողջ կյանքի ընթացքում պայքարել քննադատների հետ։

Ազնավուր. աշխատասիրությունը հայկական գենի իմ ամենակարևոր գծերից է

«Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են»,- նշել է Ազնավուրը։

Նա խոսել է նաև իր կյանքում կարևոր դեր ունեցած կանանց, մասնավորապես հանրահայտ Էդիթ Պիաֆի մասին։

«Երիտասարդները, որոնց նա բեմ դուրս բերեց, նրա սիրեկաններն էին: Ես նրանց շարքում չեմ: Նա ինձ օգնեց այլ պատճառներով: Երկուսիս անցյալը նման է: Իմ ծնողներն օտարերկրացիներ էին, որոնք ֆրանսերեն էին խոսում: Նրանք իմ քրոջն ու ինձ թույլ տվեցին դառնալ փողոցային երեխաներ: Պիաֆը նույնպես փողոցի երեխա էր: Դա մեզ մոտեցրեց»,- ասել է Ազնավուրը։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։