Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

Դոնի Ռոստովցի Իրինա Գերասիմովան որոշեց Հայաստան այցելել, քանի որ վաղուց էր ցանկանում ծանոթանալ բարեկամական երկրի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսաստանցի զբոսաշրջիկ Իրինա Գերասիմովային Հայաստանն այնքան է տպավորել, որ նա որոշել է իր հետ հայրենիք տանել այն ամենն, ինչը կապ ունի հայկական թեմայի հետ, նույնիսկ այբբենարանը։

Նա Հայաստանում շրջագայում է ընտանիքի հետ և հասցրել է Արարատ լեռը պատկերող հետաքրքիր կտավ ձեռք բերել։

«Հայրենիք ենք տանում հայ նկարչի մի հրաշալի կտավ։ Նկարել են Մարտիրոս Սարյանի ոճով, շատ գեղեցիկ է… Գնել ենք Սևանա լճի մերձակայքից», – պատմեց Իրինան Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

 

Դե իհարկե, ինչպես կլիներ առանց «նռան գույնի»։ Իրինան որոշեց ոչ միայն նռով հուշանվեր ափսեներ ձեռք բերել, այլև իր հետ նռան գինի տանել։ Երկրի գլխավոր ապրանքանիշը` հայկական կոնյակը, մեր հյուրին նույնպես դուր է եկել։

Խոհարարական հաճույքներն այդքանով չեն ավարտվում։ Ռոստովցիները բացահայտել են հայկական կաթնամթերքի և շոկոլադի բացառիկ համը։ Վերջինս այնքան է նրանց դուր եկել, որ այդ բարիքից ևս ահագին գնել են։

Հայերն ամենուր են

Ինչպես պատմեց ռուս զբոսաշրջիկը, Դոնի Ռոստովի և տեղի հայերի միջև մեծ տարբերություն կա։ Իսկ Ռոստովում, ինչպես հայտնի է, մեծ հայկական համայնք կա։

Օտարերկրացու աչքերով. հայկական լեռներն ու ջազը կանչում են էքստրիմի սիրահարին

«Գուցե, սուբյեկտիվ հնչի, սակայն ինձ թվում է, Ռոստովում հայերն ավելի լարված են, իսկ այստեղ ավելի պարզ, հանգիստ։ Դա նորմալ է, Հայաստանում նրանք տանն են, իսկ Ռոստովում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են աշխատանքի վրա», – պատմեց Իրինան։

Նա կարծում է, որ լարված աշխատանքը մարդկանց ավելի խիստ է դարձնում։ Իրինայի խոսքով` Ռոստովի հայերը իրենց աշխատանքին են նվիրում, շատերն աշխատում են շուկաներում, ինչն իսկապես հեշտ չէ։

«Հայերն աշխատում են ցանկացած եղանակին առավոտից` գիշեր։ Ես միշտ փորձում եմ օրինակ վերցնել նրանցից, նրանց աշխատասիրությունն ու համառությունն ընդօրինակել», – ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Զբոսաշրջիկի երազանքը

Իրինան ու նրա ընտանիքը լսել էին լեռնադահուկային հայտնի զբոսավայրի` Ծաղկաձորի մասին, և որոշել էին, անպայման, այցելել։

«Որոշեցինք հունվարին գնալ` Ամանորի տոներից հետո, որպեսզի տոն օրերի մարդաշատությունը չխանգարեր։ Ուզում էինք տեսնել հնագույն Հայաստանի տեսարժան վայրերը», – նշեց Իրինան։

 

Ռոստովից ժամանած ընտանիքը մեկ շաբաթ է, ինչ մեր երկրում է գտնվում։ Նրանց դուր է գալիս սպասարկումը, բարեհամբյուր մարդիկ, Ծաղկաձորի ճոպանուղին։

«Մենք եղել ենք Գառնիում, Գեղարդում, Հաղարծինում, տեսել Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցին։ Բնականաբար, հիացած ենք այդ վանքերով և բնությամբ։ Գեղարդն ապշեցրեց քարերի սիմֆոնիայով։ Աննկարագրելի էր։ Նայում ու չես հավատում աչքերիդ», – ասաց Իրինան։

Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»

Հյուրի խոսքով` նա պարզապես սիրահարվել է Գառնիին, գտել հին լուսանկարներ և գնահատել, թե ինչ ահռելի աշխատանք է տարվել։ Իրինան հիացած է վանքը վերականգնած ճարտարապետների աշխատանքով։

Ռուսաստանցի զբոսաշրջիկին զարմացրել են նաև իր հայրենիքի, ինչպես նաև ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հայերի արձագանքն ու վերաբերմունքը։ Միակ դժվարությունը, որի հետ բախվել է Իրինան Հայաստանում` ռուս–հայկական զրուցարանի բացակայությունն է։

Նա նույնիսկ հայկական այբուբեն է գնել և ուսումնասիրում է մեր տառերը։ Իսկ արևոտ Երևանն իր գեղեցկությամբ ու ճարտարապետությամբ Իրինային հիշեցրել է Բարսելոնան։ Նա հաճելիորեն զարմացած էր Հանրապետության հրապարակի կախարդանքով։