Հայաստանում 2018–ի հուլիսին պանրի և թթվասերի մասին «դառը» ճշմարտությունը կբացահայտվի

Ոչ կաթնային յուղերով կաթնամթերքն այսուհետ նոր չափորոշիչների պետք է համապատասխանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. 2018 թվականի հուլիսից Հայաստանի վաճառասեղաններից պետք է վերանան «թթվասերիկը», «կաթնաշոռիկն» ու ոչ կաթնային բաղադրամասերով այլ կաթնամթերքները։ Անել դա կստիպեն «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգում մտցված փոփոխությունները։

Ոչ կաթնային յուղերով (և այլ բաղադրիչներով) կաթնամթերքների անվանումները չպետք է «քողարկվեն»։ «Թթվասերիկ», «կաթնաշոռիկ» և նման այլ անվանումները կարգելվեն։ Կաթնամթերքն ամբողջությամբ պետք է «կաթնային» անվանում ունենա (կաթ, պանիր և այլն)։ Մնացածը կվերածվի «կաթ պարունակող մթերքների»։

ԳՁՕ–ի մասին խաբում են հայերին, թե ոչ, այդպես էլ չենք իմանա. փորձագետ

Վերոնշյալը չի վերաբերում կաթի փոշուց պատրաստված մթերքներին։ Այդ դեպքում տուփի վրա բավական կլինի նշել` «չոր կաթ»։

Իսկ ի՞նչ է լինելու այն մթերքների հետ, որտեղ կաթնային յուղի կամ սպիտակուցների հետ մեկտեղ կօգտագործվեն նաև այլ յուղեր (օրինակ` բուսական)։ Այդտեղ պետք է ճշգրիտ նշվի` կաթ պարունակող մթերք կաթնային յուղի փոխարինիչով։ Այնուհետև պետք է նշել «… արտադրված է կաթնաշոռի տեխնոլոգիայով (կեֆիր, պանիր, թթվասեր և այլն)»։ Ցանկության դեպքում մթերք բառը կարելի է փոխարինել «կրեմ», «պաստա», «սոուս» և նման այլ բառերով։

Այս երկար շղթայում կաթնային «արձագանքը» կկորչի։ Խիստ ազնվություն ունեցող չինովնիկները կցրեն սննդի հետ կապված մեր բոլոր պատրանքները։

Կաթի փոշու և ոչ կաթնային մթերքների մակնշման մասին պահանջներ եղել են նաև հայկական կանոնակարգերում (մինչև եվրասիականին անցում կատարելը)։ Սակայն այդ պահանջի կատարման համակարգված մոնիտորինգ չի իրականացվել։

Հայաստանում, ինչպես և ամբողջ Եվրասիական միությունում, որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 16-ից (պաշտոնական հրապարակման օր) 180 օր հետո։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ծառայության մասնագետներն արդեն սկսել են տեղեկացնել արտադրողներին նոր կարգի մասին։