ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայկական արմատներով ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ժամանակն է փակել Հայոց ցեղասպանության էջն ու առաջ նայել։ Այս խոսքերը բուռն արձագանք են ստացել Facebook–ի հայ օգտատերերի շարքում։
Աբգարյանը կարծում է, որ չի կարելի ապրել Ցեղասպանության պատմությունով, պետք է առաջ նայել։
«Ինձ զայրացնում է, երբ ռեժիսորներից մեկը հայտնում է, որ ցանկանում է Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել։ Լսե՛ք, մի՛ դիպչեք այդ թեմային, ընդհանրապես։ Մի կո՛ղմ քաշվեք։ Նայե՛ք դեպի ապագա։ Երբ Արցախում էի, զրուցեցի մշակույթի նախարարի հետ։ Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանության թեման իրենց մոտ դեռ վերապրում են, սակայն փորձում են թերթել էջը։ Քանի որ դա մի վշտի պատմություն է, որով այսօր ապրել չի կարելի։ Դա շատ ճիշտ մոտեցում է։ Ինձ զայրացնում է պետական այդ քարոզը, ինչի՞ է պետք տառապել։ Մարդու մեջ նման մոտեցումը սպանում է արժանապատվության զգացումը, նրան փալասի վերածում։ Այդ պատճառով էլ ինձ շատ է դուր գալիս այն գաղափարը, որն առաջարկել է Ռուբեն Վարդանյանի թիմը («Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակ), որ մենք հաղթանակ տարած ազգ ենք, մենք վերածնվել ենք` ինչպես փյունիկը մոխրից և շարունակում ենք ապրել։ Մեզ ցանկացան վերացնել` չստացվեց։ Ամեն օրը պետք է ապրել զոհվածների հիշատակը հավերժացնելու համար, այլ ոչ թե սգալ, լինել ուժեղ և անկախ երկիր», – ասել էր նա։
Հետաքրքիր է, որ այս հատվածը պարունակող հարցազրույցը, հրապարակվել էր դեռ ամռանը հայկական առցանց պորտալներից մեկում։ Սակայն միայն այսօր է սոցցանցերում բուռն արձագանք առաջացրել և բանավեճի տեղիք տվել։
Facebook–ի օգտատերերից մեկը իր էջում գրել էր, որ ոչ ոք իրավունք չունի նրանց ասելու, թե որքան ժամանակ պետք է սգալ նախնիների համար։
«Ահա հատված մի մարդու հարցազրույցից, որին դեռ վերջերս այստեղ մեծարում էին։ Նախ` ոչ ոք ինձ իրավունք չունի ասելու սգամ նախնիներիս, թե ոչ, և երբ է պետք դադարեցնել դա. տարրական դաստիարակության հարց է, իմ նման հազարավոր մարդիկ կան միայն Հայաստանում։ Եթե հեղինակի ընտանիքից ոչ ոք չի տուժել, ուրախ եմ նրա համար, սակայն դա նրան որևէ իրավունք չի տալիս նման դիրքորոշում հայտնելու։ Ինչ է նշանակում` թեմային ձեռք չտալ։ Քանի դեռ «աշխարհի մարդիկ», որոնք «աշխարհի մարդկանց» են դաստիարակում, մեզ կոչ անում չանդրադառնալ սեփական պատմությանը, մեր հարևանները, ինչպես մենք բազմիցս տեսել ենք, նույն ֆիլմերի միջոցով այդ պատմությունը վերարտադրում են իրենց ձևով», – նշել է նա։
Նրա խոսքով, բացի ապրիլի 24-ից, Երևանի փողոցներում ոչ ոք սգալով չի քայլում։
«Մենք զարգանում ու առաջ ենք գնում, հենց այն պատճառով, որ Ցեղասպանություն է եղել, և մենք գիտենք, թե ովքեր են մեզ շրջապատում, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է յուրաքանչյուր օր ավելի խելացի, ուժեղ և ավելի լավը լինենք… Պատմության էջերը շրջել կարելի է միայն այն դեպքում, երբ մեղավորը կրել է իր պատիժը, և դու համոզված ես, որ նման բան այլևս երբեք չի կրկնվի…», – գրել է օգտատերը։
Սոցցանցի մեկ այլ օգտատեր, հակառակը, սատարել է գրողին։
«Իսկ ի՞նչ կա այս հատվածում։ Ցեղասպանությունն ապրանքանիշ դարձնել ու այն աշխարհին ներկայացնել չի կարելի։ Նա (Նարինե Աբգարյանը – խմբ.) չի ասում, որ Ցեղասպանության մասին մոռանալ է պետք, այլ պարզապես կոչ է անում նայել առաջ», – նշել է նա։
Քննարկումներն ու վեճերը դեռ չեն դադարում, և յուրաքանչյուրը փորձում է պաշտպանել իր դիրքորոշումը։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։