ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ռուսական էստրադայի ամենահայտնի արտիստներից մեկը` Վյաչեսլավ Դոբրինինը, հունվարի 25-ին դարձավ 72 տարեկան։
Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց է, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր է։ Երկուսն էլ պատերազմի մասնակից են եղել։ Երգչի ծնողները ծանոթացել են ռազմաճակատում` իրենց ամուսնությունը գրանցելով ռազմադաշտային ՔԿԱԳԳ-ում (ԶԱԳՍ)։
Նրանք միասին են անցկացրել պատերազմական ծանր տարիները։ Հետո մայրը մեկնել է Մոսկվա` չիմանալով, որ հղի է, հայրը մեկնել է ճապոնական ռազմաճակատ, այնուհետև Հայաստան է վերադարձել։ Վարկածներից մեկի համաձայն` Դոբրինինի ծնողների հարաբերությունների վատացման պատճառը հոր բարեկամներն են եղել, որոնք չեն ընդունել մորը։
Դոբրինինն առաջին անգամ Երևան է այցելել XX դարի 60-ականների վերջին, սակայն հորն այդպես էլ չի հանդիպել։
«Մեզ խորհուրդ տվեցին Երևան գալ` ծանոթանալու հայ երաժիշտների հետ։ Փորձերն անցկացվում էին սպորտի պալատում։ Կազմակերպիչներից մեկն իմացավ, որ երակներովս հայի արյուն է հոսում», — պատմել է Դոբրինինը Երևանում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ։
Նա պատմել է, որ հայրը հայ է, իսկ ազգանունը` Պետրոսյան։ Նման խոստովանությունից հետո Դոբրինինին Հայաստանում գրկաբաց են ընդունել։
«Ես քայլում էի այնպես, ասես փառատոնի ամենագլխավոր մարդը լինեի։ Զգացի, թե ինչպես եք սիրում ձեր հայրենակիցներին», — խոստովանել է Դոբրինինը։
Ավելի ուշ իր հայկական արմատների ու ծագման մասին նա պատմել է ռուսական առաջին ալիքով հեռարձակվող Յուրի Նիկոլաևի «Ազնիվ խոսք» հաղորդման ժամանակ։ Կոմպոզիտորը բացահայտել է իր երաժշտական լսողության գաղտնիքը։ Խոստովանել է, որ իր տեղեկությունների համաձայն` բնածին երաժշտական լսողությունը ժառանգել է հորից։
Դոբրինինն ավարտել է ՄՊՀ-ի արվեստի տեսության ֆակուլտետը։ Ունի դուստր և «երաժշտական» թոռնիկ, որը ԱՄՆ-ում է ապրում և շարունակում է պապի ճանապարհը։
Դոբրինինը նշել է, որ բարձրագույն կրթություն է ստացել մոր շնորհիվ։
Դոբրինինը շուրջ 1000 երգի հեղինակ է։ Լենինյան կոմսոմոլի մրցանակի (1986), Մոսկվայի կոմսոմոլի մրցանակի (1982) դափնեկիր, «Օվացիա» ռուսական ազգային մրցանակի եռակի հաղթող, Իսահակ Դունաևսկու անվան մրցանակի և «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիր, «Տարվա երգ» հեռուստատեսային 15 փառատոների դափնեկիր։ 1996 թվականին Դոբրինինը Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում է ստացել։
Վերջին անգամ Հայաստանում է եղել 2012 թվականին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով։
Նյութը գրվել է բաց աղբյուրների հիման վրա։