Հայերը միանգամից երկու տեղ են զբաղեցրել. Forbes–ի «2018թ–ի ռուսական անշարժ գույքի արքաները»

Հայազգի գործարարները վարկանիշում երկու հորիզոնական են զբաղեցնում, բայց նրանք երեքն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայերի հիմնած ընկերություններից երկուսը հայտնվել են Forbes-ի «2018թ-ի ռուսական անշարժ գույքի արքաները» հերթական վարկանիշում, որը հրապարակվել է այսօր` հունվարի 25-ին։

Ռուսաստանցի գործարարների հայկական նախագծերը. ներդրողների 5–յակը

Վարկանիշի երրորդ տեղում է հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը. 2017թ-ի վարձակալությունից նրա եկամուտը կազմել է 650 միլիոն դոլար։ Ինչպես նշում է Forbes-ը, ամեն տարի «Տաշիրը» կառուցում է տարբեր նշանակության օբյեկտներ` ավելի քան 500 000 խորանարդ մետր տարածքով։

«Take Away հանրախանութների ցանցից և Goood's House տան համար ապրանքների խանութներից բացի, 2017թ-ին «Տաշիրը» գործարկել է One Way կոշիկի ապրանքանիշը։ Մոսկվայում և Երևանում բացվել են վեց տարբեր խանութներ»,- գրում է պարբերականը։

Forbes-ը հիշեցնում է, որ 2020թ-ին «Տաշիրը» միջքաղաքային ավտոկայարան կկառուցի Մոսկվայում` «Սելիգերյան» մետրոյի կայարանի մոտ։

Վարկանիշի 28-րդ հորիզոնականում է գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Գագիկ Ադիբեկյանի RD Group-ը։ Forbes-ի տվյալներով` Ռուբեն Վարդանյանի հիմնադրամների հետ միասին ընկերությունն ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ կոմերցիոն անշարժ գույքի պորտֆել ունի, իսկ 2017թ-ին 65 միլիոն դոլար է վաստակել` որպես վարձակալման եկամուտ։

Forbes-ի վարկանիշում 30 հորիզոնական կա, առաջատար է «Կիևյան հրապարակը»` վարձակալությունից ավելի քան կես միլիարդ դոլար եկամուտով։