Հենրիխ Մխիթարյանին ուղղված «սատանայական անեծքի» մասին խոսել է «Արսենալի» լեգենդը

Լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոստովանել է, որ Միկիի խաղի երկրպագուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հենրիխը պատրաստ է «Արսենալում» հաջողության հասնել, իսկ «մանչեսթերյան անեծքը» պետք է անցյալում մնա։ Հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թիերի Անրին, հայտնում է բրիտանական Express.co.uk պարբերականը։

Ուզում ենք, որ իմանաս` ինչքան շատ ենք քեզ սիրում. երկրպագուն նամակ է գրել Մխիթարյանին

Անրին Հենրիխ Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագուն է։

«Ինչ վերաբերում է Մխիթարյան-Սանչես գործարքին, կարող եմ ասել, որ դեռևս Դորտմունդի «Բորուսիայի» տարիներից ես Միկիի մեծ երկրպագուն եմ եղել։ Սակայն ՄՅ-ում ինչ-որ բան այնպես չգնաց», — ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

Անրին ավելացրել է, որ Մխիթարյանն իր ոճով «Արսենալի» խաղացող է և լիովին համահունչ է թիմի խաղին։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Մխիթարյանը խոստովանել էր, որ լինելով «Արսենալի» երկրպագու` սիրահարված է Թիերի Անրիի խաղին։

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։

Մխիթարյանը «Արսենալի» կազմում հանդես է գալու 7 համար ներքո և շաբաթական 180-200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու։