«Հայաստանը մեզ իսկապես դիմել է խնդրանքով». Կարասինը` Վրաստանի հետ համաձայնագրի մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պատասխանել է հարցին` արդյո՞ք ռուս–վրացական առևտրային համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն Հայաստանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Առևտրային միջանցքների մասին» ռուս-վրացական համաձայնագրում երրորդ կողմերի, այդ թվում նաև Հայաստանի համար պարտավորություններ չկան, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում։

Համատարած ֆորս–մաժոր. ինչպես Հայաստանը պետք է «սանձահարի» Ռուսաստան գնացող ճանապարհը

Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականին, երբ Թբիլիսին չեղարկեց Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու վետոն։ Վրացական կողմը պայման ներկայացրեց, որ Վրաստանի հսկողությունից դուրս գտնվող Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով Ռուսաստան տանող միջանցքներ անցնեն։ Ընդ որում` կողմերը պարտավորվեցին միջազգային միջնորդների հրավիրել` բեռի հոսքի հսկողության ու նշումների համար։ Միջնորդը շվեյցարական SGS ընկերությունն է։

Պատասխանելով հարցին` արդյո՞ք ռուս-վրացական առևտրային համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն Հայաստանն է, և Մոսկվան դա անում է Երևանի խնդրանքով, Կարասինն ասել է, որ Հայաստանն իսկապես խնդրանքով դիմել է նրանց։

«Հայաստանը մեզ դիմել է խնդրանքով։ Սակայն համաձայնագիրը երկկողմանի է, այն կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ։ Այն երրորդ երկրների համար ոչ մի պարտավորություն չի ենթադրում, իհարկե, ներառյալ Աբխազիայի Հանրապետությունն ու Հարավային Օսեթիայի Հանրապետությունը», — ասել է Կարասինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմն այդ համաձայնագրի հետ լուրջ հույսեր է կապում ու ենթադրում է, որ տարածաշրջանի առևտրի համար հզոր խթան կհանդիսանա։

«Միջազգային պայմանագրում նշված են վրացական մաքսային ծառայության համար նախատեսված վայրերի հստակ տվյալները։ Դա Կազբեկի շրջանն է` Ռուսաստանի հետ սահմանին, Ինգուրի գետից (որից հետո Աբխազիայի Հանրապետության տարածքն է սկսվում) հարավ ու Գորիի մոտակայքը (Հարավային Օսեթիայի Հանրապետության սահմանին մոտ)», — ասել է Կարասինը։

Նա ամփոփել է, որ Ռուսաստանն իր հերթին կփորձի հնարավորինս շուտ ավարտել ներպետական գործընթացներն ու առաջիկա ամիսներին ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը։

Միայն դրանից հետո համաձայնագիրը կարող է իրականացվել։ «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագրի իրականցումը կարող է հայկական բեռների համար տրանսկովկասյան ճանապարհ բացել։