ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2017թ-ին աճել է 7,7 տոկոսով։ Այդ մասին ասվում է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օպերատիվ տվյալներում։
Սա ավելի բարձր է, քան նույնիսկ նախաճգնաժամային 2013թ-ին` նավթի գնի և ռուբլու փոխարժեքի անկումից առաջ։ Այդ ժամանակ աճը կազմել էր ընդամենը 3,5 տոկոս։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՆԱ-ի «սևագիրն» է. ցույց է տալիս արտադրության ծավալները, բայց ոչ ավելացված արժեքը (այսինքն Հայաստանում քանի տոկոսով են ապրանքներ արտադրվել) և չի ներառում ֆինանսական ծառայություններն ու ապրանքների հարկերը (ԱԱՀ և ակցիզ)։ Այնուամենայնիվ, մոտավոր պատկերացնում է տալիս վերջնական աճի մասին։ Առավել ևս, եթե համեմատենք 2017թ-ի 7,7 տոկոսը 2016թ-ի 0,7 տոկոսի հետ։
2014թ-ից շարունակում է աճել արդյունաբերական արտադրությունը։ Այդ ժամանակ աճել է 2,7 տոկոսով, 2017թ-ին` 12,6 տոկոսով։ 11 ամսվա տվյալներով (տարեկան արդյունքները շուտով կամփոփեն)` տնտեսության աճին հիմնականում նպաստել են ավանդական կոնյակը (+41 տոկոս) և հանքերը (12,3 տոկոս)։ Կոնյակը Հայաստանի մեծությամբ երրորդ արտահանվող ապրանքն է, իսկ Հայաստանի ՀՆԱ-ում հանքերի բաժինը կազմում է 20 տոկոս։
Բայց առկա են նաև որակական փոփոխությունների առաջին ցուցանիշները. ճիշտ է` առայժմ թույլ։ Զգալիորեն աճել է հագուստի, էլեկտրական սարքերի, ոսկերչական արտադրանքի արտադրությունը։ ՀՆԱ-ում առաջին երկուսի բաժինը շուրջ 15 տոկոս է, ոսկերչական իրերինը` շուրջ 3 տոկոս։ Բայց եթե միտումը շարունակվի, ապա տնտեսությանը զգալիորեն շատ աշխատատեղեր ու հարկեր կտա, քան հանքավայրերի «անաբոլիկ» շահագործումը։