Սպանել են, բայց չեն հասցրել մորթազերծել. Հայաստանի բեզոարյան այծերը պակասեցին

Հայաստանում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը, ամբողջ երկրում մնացել է շուրջ 1000 առանձյնակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պետք չէ հավասարության նշան դնել օրինավոր որսորդների ու ապօրինի որս անողների միջև

Տնօրենի հանձնարարությամբ տարածք են մեկնել վեց աշխատակից։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին։

Բեզոարյան այծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, ընդգրկված է Կարմիր գրքում, որսն արգելված է։ Հայաստանում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը, ամբողջ երկրում մնացել է շուրջ 1000 առանձյնակ։