«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները. Բալայան

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է անցած գիշեր արցախա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանություն է թողել անցած գիշեր շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ։

«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները և շեղել ուշադրությունը` Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»,- գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:  Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: