ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանն իր մաքսիմալիստական քաղաքականության զոհն է դարձել

Բաքվի իշխանություններին ճնշման կամ պատժամիջոցների միջոցով պետք է կառուցողական ուղու վրա դնել, կարծում է Շարմազանովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ադրբեջանն իր սեփական իշխանությունների մաքսիմալիստական քաղաքականության զոհն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Արցախում անցած գիշեր տեղի ունեցած դիվերսիայի փորձը։

Կանխվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Շարմազանովի խոսքով` Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային միջոցառումից հետո սադրանքի է դիմում։ Դա նախագահների ու արտգործնախարարների հանդիպումից ու ԵԽԽՎ նիստից հետո էր։

«Դրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների։ Նրանց իշխանությունները դարձել են իրենց իսկ հայատյաց, ռասիստական, մաքսիմալիստական քաղաքականության զոհը», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ միջազգային կառույցները պետք է օգնեն Ադրբեջանին հրաժարվել այդ քաղաքականությունից։ Միաժամանակ` նրա խոսքով, այլ ճշմարտություն էլ կա, հնարավոր չէ օգնել մեկին, եթե նա չի ուզում դա։

«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները. Բալայան

ԱԺ փոխխոսնակը համեմատեց Ադրբեջանի ներկայիս հայատյաց քաղաքականությունը Երրորդ Ռեյխում հրեաներին հանդեպ վերաբերմունքի հետ։ Նա օրինակ բերեց Ջուղայում հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

Շարմազանովն ընդգծեց, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության համար Ադրբեջանին պետք է կառուցողական ուղու վրա դնել ճնշման կամ պատժամիջոցների միջոցով։

Մյուս կողմից` նրա կարծիքով Ադրբեջանի նման ակցիաները չեն կարող ազդել հայկական կողմի վրա, ճնշում գործադրել բանակցությունների վրա։

«Նման սադրանքները չեն կարող ազդել արցախցիների ազատության ձգտման վրա», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ եթե Ադրբեջանի համար զինվորի կյանքը նշանակություն չունի, ապա հայկական կողմի համար դա ամենաբաձր արժեքն է։