Դպրոցի տնօրենի 31 տարեկան որդուն խաբել են համացանցում

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ որդին խարդախության զոհ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ Ռուզաննա Ազիզյանը դիմել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ օրեր առաջ իր տղան՝ 31-ամյա Դավիթ Սարգսյանը, իր անձնական օգտագործման iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը List.am կայքի միջոցով վաճառել է Գևորգ և Հրաչ ներկայացած անձանց` գումարը հետագայում վճարելու պայմանով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

Օրեր անց Սարգսյանը պարզել է, որ նշված անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են iPhone 8-ին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 435 հազար դրամի վնաս։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գևորգի և Հրաչի անձերը պարզելու, նրանց և խարդախությամբ հափշտակված բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով` Ռուզաննա Ազիզյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է։