Ոչ մարդկային ռեսուրս. ինչով է Ադրբեջանը փոխարինում «վատ» զինվորներին

Ադրբեջանը հասկանում է, որ իր զինված ուժերը զիջում են հայ զինվորների մարտական պատրաստականությանը և որոշել է գնալ այլ ճանապարհով, կարծում է ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ադրբեջանը փորձում է փոխհատուցել իր զինվորների վատ նախապատրաստությունը տեխնոլոգիական զենք օգտագործելով, Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել է շփման գծում Ադրբեջանի կողմից երկու մարտական անօդաչու թռչող սարք օգտագործելու մասին, որոնք հայկական դիրքերի վրա ական և ինքնաշեն ռումբ են գցել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

«Ակնհայտ է, որ շփման գծում գոյություն ունի լուրջ անհավասարություն։ Ադրբեջանն ունի ավելի շատ նյութական պաշարներ, տեխնիկա։ Սակայն ադրբեջանցիները հասկանում են, որ մարդկային «բազայի» որակը, նրանց նախապատրաստությունը, պատասխանատվությունն ավելի վատ է, քան Արցախի և Հայաստանի զինվորների», – ասաց Պուխովը։

Նրա խոսքով` այդ իրավիճակում Ադրբեջանը փորձում է շեշտը դնել ժամանակակից տեխնոլոգիաների վրա։

«Բանն այն է, որ ադրբեջանական պաշտպանական արդյունաբերությունն ինչ–որ արտասահմանյան նմուշների հավաքածու է կամ վերանորոգման ձեռնարկությունների։ Վերջին հաշվով` մի մեծ «Պոտյոմկինյան գյուղ»», – ասաց Պուխովը։

Ուստի Բաքուն, նրա խոսքով, շեշտը դնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Իսրայելից ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելու վրա (ԱՄՆ–ից և Եվրոպայից դա շատ բարդ է. թույլ չեն տալիս կամ խուսափում են)։

Նրա խոսքով` ՀԱՀ–ն Իսրայելի հետ միասին, բարձր տեխնոլոգիաների աղբյուր է։ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի մեծամասնությունն իսրայելական արտադրության են, այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսին է Elbit Systems–ը (Hermes-450, Hermes-90, Hermes —900 անօդաչու թռչող սարքերը), ինչպես նաև` փոքր ընկերությունների` օրինակ` Aeronautics–ը (Օրբիտեր-1K)։

Արցախը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սպեկուլյացիաների նոր ալիքին

«Ադրբեջանական գնորդները խանդավառությամբ թեստավորում են դրանք`մերթ սահմանային ծառայություն, մերթ ՊՆ, մերթ ԱԻՆ, իսկ Իսրայելը մասամբ օգտագործում է դա որպես յուրահատուկ զորավարժարան։ Այդ իրավիճակը ձեռնտու է թե՛ առաքողի, թե՛ գնորդի համար։ Արցախյան հակամարտության գոտում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը բոլորին ձեռնտու է», – ասաց Պուխովը։

Նրա խոսքով` իրավիճակը կշարունակի զարգանալ այդ հունով, և հայերը պետք է պատրաստ լինեն։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների մարտավարության փոփոխության պատճառը հայկական կողմի` սահմանի պահպանության ժամանակակից մեթոդներ ներմուծելու մեջ է։

Նա նշեց, որ դրանց օգնությամբ կարելի է վերահսկել ամբողջ շփման գիծը, իսկ դա բարդացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների իրականացումը։

«Հենց այդ պատճառով համաձայնություն է ձեռք բերվել Կասպրշիկի գրասենյակն ընդլայնելու և դիտորդների թիվն ավելացնելու մասին։ Ադրբեջանն արդեն մեկ տարի է չի կարողանում դիվերսիաներ իրականացնել, դրանք ձախողվում են։ Բաքուն ստիպված է գնալ զիջումների և համաձայնվում է առաջարկներին», – ասաց Սարգսյանը։

Դրա փոխարեն Ադրբեջանը գնում է այլ սադրանքների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործման։ Նրա խոսքով` Բաքվի քաղաքականությունը միշտ ենթադրել է տարբեր մակարդակներում հանդիպումներից առաջ դիվերսիաների, սադրանքների իրականացում։

Քաղաքագետը կարծում է, որ Բաքուն չի կիրառի ծանր հրետանի, բայց կկենտրոնանա օդից գրոհներ օգտագործելու վրա։

«Դա նոր մարտահրավեր է մեր Զինված ուժերի համար, որոնք պետք է հակազդեն», – նշել է Սարգսյանը։