Թուրքական բանակը Հայաստանի քթի տակ. ինչ է մտքին դրել անկանխատեսելի Անկարան

Ադրբեջանի դաշնակիցը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և զգալի զորքեր է պահում Հայաստանի հետ սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Թուրքիայի գործողություններն անկանխատեսելի են և կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար, Sputnik Արմենիային ասաց ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից մեկը` գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։

Գեներալ–լեյտենանտը նշեց Թուրքիայի անօրինական ներխուժումը Սիրիա, իսկ ավելի վաղ` Իրաք։

«Նրանց զորքերը հանգիստ ման են գալիս այնտեղ, իսկ ՄԱԿ–ը ոչ մի միջոց չի ձեռնարկել երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Թուրքիան շատ անկանխատեսելի է և վտանգավոր, հատկապես, Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով Ադրբեջանին աջակցելը», – ասել է Տեր–Գրիգորյանցը։

Բախտն այլևս չի բերի, կամ Թուրքիայի արկածները Հայաստանի սահմանին

Հայաստանի ԶՈՒ ստեղծողներից մեկը պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը չընդունելը վկայում է այն մասին, որ Թուրքիան պատրաստ է կրկին գնալ դրան։

«Նրանք չեն ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե նա չանի դա, ապա իրեն նոր ցեղասպանություն իրականացնելու իրավունք կվերապահի», – ասաց գեներալ–լեյտենանտը։

Նրա խոսքով` պատահական չէ, որ Հայաստանի սահմանից ոչ հեռու Թուրքիան հսկայական բանակ է պահում։

«Ինչու՞ նման բանակ պահել Հայաստանի քթի տակ։ Նրա առջև ինչ-որ խնդիրներ են դրված։ Քանի որ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը և սատարում է Ադրբեջանի նման ագրեսիվ երկրին ու մասնակցում շրջափակմանը, ապա մենք դե ֆակտո պատերազմական վիճակի մեջ ենք», – ասաց Տեր–Գրիգորյանցը։

Նա նշեց, որ անձամբ դեռ 90–ականներին զբաղվել է ոչ միայն Հայաստանի ԶՈւ ստեղծմամբ, այլ նաև առաջարկել Ռուսաստանի հետ միասին պահպանել հայ-թուրքական սահմանը։

«Ես առաջարկել եմ Ելցինին չարձակել 127–րդ դիվիզիան և ստեղծել համատեղ սահմանամերձ զորքեր։ Հայաստանը մտնում է ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի կազմի մեջ. Հայաստանի սահմանն արտաքին է այդ կազմակերպությունների համար», – ասաց գեներալ–լեյտենանտը։

Հունվարի 20–ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի հյուսիս` հայտարարելով «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին։

Գործողության շրջանակում թուրքական ավիացիան գրոհել է քրդական խմբավորումները, ավելի ուշ սկսվել է ցամաքային գործողությունը։