Ստրասբուրգն արդեն հայկական խաչքար ունի. ՀՀ նախագահի նվերը Եվրոպայի խորհրդին

ԵԽ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նվերի համար և ասել, որ ուրախ է ընդունել այն՝ միջնադարյան խաչքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Մինչև գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու. Սարգսյան

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ խաչքարագործությունը`իր երկուհազարամյա պատմությամբ, նաև հայ ժողովրդի արդի մշակութային դրսևորումներից է:«Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն»,–ասել է Սարգսյանը և հույս հայտնել, որ այս արարողությունը մեծ խորհուրդ ունի բոլորի համար։

ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել նվերի համար և ասել, որ ուրախ է ընդունել այն՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը:

«Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ: Պաշտպանելու և առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների»,–ասել է նա:Թորբյորն Յագլանդը նշել է, որ իրենք ողջունում են սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները:

«Հայաստանը նաև կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում: Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին Դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ Եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ»,–ասել է ԵԽ Գլխավոր քարտուղարը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ընդունում են այս նվերը հաճույքով և երախտագիտությամբ: