Մուսուլմանական երկրիների 3 քաղաքացի փորձել են ապօրինի ձևով հատել Հայաստանի սահմանը

Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Եմենի 3 քաղաքացիներին կաշառքի դիմաց օգնել է Թուրքիայում բնակվող ոմն Սալիհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Հունվար — Sputnik.  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։ Նշված քրգործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի՝ Հայաստանի սահմանը հատելու փորձի փաստով։

Բանակին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին. ԱԱԾ քրեական գործ է հարուցել

2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ են բերման ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։ Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով շահադիտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակերպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։ Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։

ԱԱԾ ծառայողները պարզել են նաև, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետև նշված անձինք իջել են Արաքս գետի ափին և փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանային մասում, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։ Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։